Ամերիկյան բանկային համակարգը բախվել է լուրջ մարտահրավերի եւ շարժվում է դեպի կոլապս, Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, որը կանխատեսել էր 2008 թվականի ճգնաժամը։
«ԱՄՆ-ն շարժվում է դեպի վարկային ճգնաժամ, որը տնտեսությունը ռեցեսիայի մեջ կներքաշի», — ասել է նա։
Նրա կարծիքով, խնդիրը տարածաշրջանային բանկերի մեջ է, որոնք վարկեր են տրամադրում հիփոթեքի, կոմերցիոն անշարժ գույքի համար, ինչպես նաեւ բիզնեսին եւ փոքր ու միջին ձեռնարկություններին։ Silicon Valley Bank բանկի սնանկացումից հետո ավելի փոքր բանկերը կդժվարացնեն վարկերի տրամադրման գործընթացը, ինչը «վարկային ճգնաժամ կառաջացնի» ԱՄՆ-ում։
«Այս ճգնաժամը զգալիորեն կբարձրացնի ռեցեսիայի, կոշտ վայրէջքի հավանականությունը, որը շատ ավելի ծանր է, քան նախկինում էր: Այսպիսով, մենք ամերիկյան բանկային համակարգի զգալի մասի համար վտանգավոր մարտահրավերի հետ ենք բախվում»,- շարունակել է Ռուբինին։
Մարտի սկզբին ԱՄՆ-ում փակվեց Silicon Valley Bank-ը՝ դառնալով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո երկրում սնանկացած ամենամեծ բանկը:
Հետո իշխանությունները փակեցին խոշոր New York Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերի պատճառով։ Այս ֆոնի վրա սկսեցին մտավախություններ առաջանալ ամերիկյան բանկային համակարգում հնարավոր ճգնաժամի կապակցությամբ։ Արդյունքում, ԱՄՆ-ում մարտի 8-ից մարտի 22-ը հաճախորդները բանկային ավանդներից 300 մլրդ դոլար են հանել։





























