Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը Բրաուարդ օկրուգում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով։

«Ես հայտարարում եմ արտակարգ դրության ռեժիմ Բրաուարդ օկրուգում՝ հեղեղումների հետ կապված»,- հինգշաբթի Թվիթերում գրել է նա։ Նշված օկրուգում, որը Ֆլորիդայի հարավում է, Ֆորտ Լոդերդեյլ մեծ քաղաքն է, որն ամենից շատ է տուժել հեղեղումներից։ Նահանգապետի խոսքով՝ տեղում աշխատում են արտակարգ ծառայություների աշխատակիցները։ «[Տուժած] շրջանների բնակիչները պետք է հետեւեն տեղի իշխանությունների ցուցումներին եւ խուսափեն վտանգավոր տեղերից»,- ընդգծել է Դեսանտիսը։

Ինչպես տեղեկացրել է The New York Times թերթը, երկուշաբթի սկսված եւ չորեքշաբթի ուժգնացած հորդ անձրեւը աստիճանաբար թուլանում է։ Անցած 24 ժամում որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 600 միլիմետր անձրեւ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով օդերեւութաբան Աննա Թորես-Վասկեզին, տեղումների այս ցուցանիշը մեկ օրում խիստ հազվադեպ է Ֆլորիդայի համար։ «Դա հազար տարին մեկ անգամ է լինում, եթե չասենք՝ ավելի հազվադեպ»,- նշել է նա։

Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ջրի տակ են մնացել տներ, փակ են ճանապարհները, տեղի օդանավակայանը, ինչպես սպասվում է, աշխատանքը կվերսկսի ուրբաթ, ժամը 05.00-ից ոչ շուտ։ Նահանգի օդերեւութաբանական ծառայությունը բնակիչներին կոչ է արել հրաժարվել ուղեւորություններից եւ փակվել բարձր տեղերում։ Տուժածների կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։