Ամերիկյան Ատլանտա (Ջորջիա) քաղաքում բանտարկյալ Լաշոն Թոմփսոնը մահացել է միջատների բազմաթիվ խայթոցներից, խուցը, որտեղ նրան պահում էին, այնքան կեղտոտ էր, որ նրան հայտնաբերած աշխատակիցը ստիպված է եղել հատուկ պաշտպանիչ կոստյում կրել, գրում է Washington Post-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, սակայն ամերիկյան ԶԼՄ-ներում այդ մասին տեղեկություն է հայտնվել միայն օրերս։

Թոմփսոնը ձերբակալվել էր անցյալ հունիսին՝ «ծեծի ենթարկելու» մեղադրանքով։ Մահվան ժամանակ նա երեք ամիս պահվում էր Ատլանտայի Ֆուլթոն շրջանի բանտում և սպասում էր նախնական մեղադրանքի համար Ալաբամա նահանգի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է հրատարակությունը՝ վկայակոչելով բանտի զեկույցը, Թոմփսոնի դեմքը, վերին և ստորին վերջույթները ծածկված են եղել  «մաշկի բազմակի քերծումներից առաջացած կրտրտվածքներով և վնասվածքներով»։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին չի հաջողվել վերակենդանացնել բանտարկյալին։

Զեկույցում ասվում է նաև, որ «խուցը կեղտով և ոջիլներով է պատված եղել, երբ սեպտեմբերին սպաները նրան անգիտակից վիճակում են հայտնաբերել»:

Իր հերթին Թոմփսոնի փաստաբան Մայքլ Հարփերն ասել է, որ բանտի աշխատակիցները խցում գտնվող տղամարդուն թողել են «մահանալու»։ Նրա խոսքով՝ Թոմփսոնին «կենդանի կերել» են միջատներն ու փայտոջիլները։ Փաստաբանը նշել է, որ բանտարկյալը առողջ է եղել և մինչև ազատազրկումը ֆիզիկական հիվանդություններ չի ունեցել։

Նշվում է, որ դեպքի առնչությամբ մահացածի ընտանիքը մտադիր է դատարան դիմել։