Նավահանգստային Վակայամա քաղաքում, որտեղ պետք է ելույթ ունենար վարչապետ Ֆումիո Կիսիդան, տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվածը Հյոգո պրեֆեկտուրայի Կավանիսի քաղաքի 24-ամյա բնակիչ է, տեղեկացրել է «Կիոդո» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։

Երիտասարդի անունը դեռեւս չի նշվում։ Նրա արարքի դրդապատճառները նույնպես դեռեւս հայտնի չեն։

Պայթյունը լսվել է տեղի ժամանակով ժամը մոտ 11.30-ին ճապոնական Վակայամա քաղաքում, Կիսիդայի հրապարակային ելույթի վայրին մոտ, այն բանից հետո, երբ նա ավարտել էր Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննումը։ Ականատեսները NHK հեռուստաալիքին պատմել են, որ երիտասարդը, երբ հայտնվել է Ճապոնիայի վարչապետը, նրա ուղղությամբ «գնդաձեւ սեւ իր» է նետել, նրան անմիջապես բռնել են ոստիկանները, իսկ մի քանի վայրկյան անց հնչել է պայթյունը։ Ենթադրվում է, որ դա կարող էր ազդանշանային նռնակ լինել։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ առարկան արծաթագույն էր եւ մետաղական խողովակ էր հիշեցնում։ Տարբեր հեռուստաալիքների ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես է վարչապետ Կիսիդան շրջվում դեպի իրեն նետված իրը, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, քաղաքական գործչին հեռացնում են թիկնապահները։ Նույն պահին երիտասարդին, որն իրը նետել էր վարչապետի ուղղությամբ, բռնում են մի քանի տղամարդիկ հավաքվածների միջից, իսկ մի քանի վայրկյան անց՝ միջոցառման անվտանգությունն ապահովող աշխատակիցները։ Տղամարդը կալանավորվել է բիզնեսին միտումնավոր խոչընդոտելու կասկածանքով, տեղեկացրել է «Կիոդոն»։