Ճապոնիայի ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վարչապետ Ֆումիո Կիսիդայի կողքին շաբաթ օրը հնչած պայթյունն իրականացրել է  24-ամյա Ռյուձի Կիմուրան Կավանիսի քաղաքից, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

NHK հեռուստաալիքի տվյալներով՝ Կիմուրան հրաժարվել է պատասխանել հարցաքննության ժամանակ իրեն տրված հարցերին։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են գնդաձեւ իր, որը, ենթադրաբար, պայթուցիկ սարք է։

Շաբաթ օրը տղամարդը արեւմտյան Վակայամա քաղաքում Կիսիդայի ելույթից առաջ ծխանռնակի նմանվող իր կամ ազդանշանային հրթիռ էր նետել,որը հետո պայթել է։ Միջադեպի ժամանակ կառավարության ղեկավարը խոսում էր կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանի ստորին պալատի լրացուցիչ ընտրությունների թեկնածուի հետ։ Իրը նետելուց հետո հարձակվողը, պայթյունի հնչելուց առաջ, կալանավորվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Ելույթի վայրում գտնվողներից ոչ ոք, ըստ նախնական տվյալների, չի տուժել։

Կիսիդային  հեռացրել են դեպքի վայրից եւ տարել Վակայամայի ոստիկանական վարչություն, սակայն հետո  նա հեռացել է այնտեղից՝ հրապարակային ելույթները շարունակելու համար։