Հոնների պոպուլյացիան առանձնանում էր էթնիկական եւ գենետիկական բազմազանությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի տվյալները։

Հոնները քոչվոր անասնապահական ժողովուրդ են, որոնք մինչեւ 4-րդ դարը Եվրոպա ժամանելը բնակվել են Կենտրոնական Ասիայում մ.թ.ա․ առնվազն 3-րդ դարից։ Այս ցեղերը անընդհատ թշնամանում էին Չինական կայսրության հետ եւ, ընդհանուր առմամբ, շատ ռազմատենչ էին, գրեթե բոլոր մեծահասակ հոնները գիտեին, թե ինչպես կարելի է ձի հեծնել եւ զբաղվում էին նետաձգությամբ։ Չոն Չհունվոնի գլխավորությամբ գիտնականների խումբը սեկվենացրել է հոնների ԴՆԹ-ն՝ պարզելու նրանց էթնիկ ծագումը: Վերլուծության հիմքում ընկած է ժամանակակից արեւմտյան Մոնղոլիայի տարածքում թաղված էլիտայի երկու տասնյակ ներկայացուցիչների կենսանյութը։

Պարզվել է, որ հոննական ազնվականությունն առանձնանում էր գենետիկ բազմազանության բարձր մակարդակով, այդ թվում՝ մեկ ընտանիքի ներսում, ինչը վկայում է արիստոկրատների տարբեր խմբերի միջեւ հաճախակի ազգամիջյան ամուսնությունների մասին։ Հետազոտողները ենթադրում են, որ այս գործընթացներում շարժիչ ուժ կարող էին լինել կանայք, որոնց գերեզմանները Թահիլթին-Հոթգորում եւ Շոմբուուզին-Բելչիրում ավելի հարուստ էին զարդարված, քան տղամարդկանց գերեզմանները։  Հոնների պետությունը հիշեցնում էր ավելի ուշ մոնղոլական կայսրությունը՝ չնայած նրանց միջեւ իրավահաջորդություն կամ ուղղակի կապ չկա: Ամենայն հավանականությամբ, նմանությունը կապված է քոչվոր ռազմականացված հասարակությունների կառուցվածքի ընդհանուր սկզբունքների հետ։