Ապստամբական շարժման զինյալները կրակ են բացել ինդոնեզական անհանգիստ Պապուա մարզի մարտական դիրքի վրա՝ սպանելով առնվազն վեց զինվոր, բանակին և ապստամբներին վկայակոչելով՝ տեղեկացնում է The Associated Press-ը։
Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։
Հարձակվողները «Հանուն ազատ Պապուայի շարժման» զինված թևի՝ «Արևմտյան Պապուայի ազատագրման բանակի» անդամներ են։ Ինդոնեզական զինվորների վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ Նդուգայում՝ ապստամբների հենակայանում, որոնք 1960-ական թվականներից պայքարում են տարածաշրջանում ինդոնեզական կառավարման դեմ։
Պապուայի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Գերման Տարյամանը հայտնել է, որ Մուղի բանակային դիրքի զինվորները մասն էին այն խմբի, որ զբաղվում էր Ֆիլիպ Մարկ Մերտենսի՝ ինդոնեզական ավիաընկերության օդաչուի, որոնումներով, որին ապստամբներն առևանգել էին փետրվարին։
Նա պատմել է, որ իշխանությունները դեռևս փնտրում են ևս 30 այլ զինվորի, որոնք անհետ կորել են հարձակումից հետո, այդ թվում ինը մարդու, որոնք ենթադրաբար գտնվում են ապստամբների մոտ։
Ինդոնեզական բանակի զեկույցում ասվում է, որ Մուղի Մամ գյուղի դիրքում 36 զինվոր է եղել, երբ անջատողականները ինքնաձիգերով սկսել են գրոհը՝ սպանելով առնվազն վեց զինծառայողի և ստիպելով ևս 21-ի փախչել ջունգլի։ Զեկույցում ասվում է, որ ինը զինվոր պահվում է ապստամբների մոտ։
Ապստամբների ներկայացուցիչ Սեբի Սամբոմը գործակալության համար արված իր հայտարարության մեջ հաստատել է, որ խմբավորման զինյալները հարձակում են գործել, որը անցած ամիս երկու ապստամբերի սպանության վրեժն է եղել։ Նա նշել է, որ հարձակման ժամանակ Ինդոնեզիայի բանակի ինը զինծառայող է սպանվել և Ինդոնեզիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Պապուայում։
Պապուան մտցվել է Ինդոնեզիայի կազմի մեջ 1969 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված քվեարկության արդյունքում, ինչը շատերի կարծիքով սարքովի է եղել։ Այդ ժամանակից երկու մարզի՝ Պապուա և Արևմտյան Պապուա, բաժանված տարածաշրջանում փոթորկում են ապստամբական շարժումները։





























