Հարավային Ասիայում երեխաների հետ ամուսնություններն ամենամեծ թիվն են կազմում աշխարհում։ Տարածաշրջանում ապրում է աշխարհում հարսնացուների ընդհանուր թվի 45 տոկոսը (290 մլն մարդ), նրանք բոլորն անչափահաս են։ Այս մասին գրել է «Ալ Ջազիրան»՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր հաշվետվությանը։
«Փաստը, որ Հարավային Ասիայում այժմ կատարվում են ամբողջ աշխարհում ամենաշատ մանկական ամուսնությունները, ոչ այլ ինչ է, եթե ոչ ողբերգություն»,- ասել է Հարավային Ասիայում ՅՈւՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Նոալա Սքիները։ Նա ավելացրել է, որ աղջիկներին ամուսնացնելով՝ նրանց զրկում են կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ նրանց առողջությունը վտանգվում է։
Հետազոտությունն իրականացվել է 16 տարածաշրջաններում եւ երկրներում, այդ թվում Բանգլադեշում, Հնդկաստանում եւ Նեպալում։ Հաշվետվության համաձայն՝ տեղի բնակիչներն սկսել են էլ ավելի շուտ ամուսնացնել աղջիկներին ֆինանսական կեցության վատթարացման եւ կորոնավիրուսի պատճառով մի շարք դպրոցների փակվելու պատճառով։ Հարցազրույցի ընթացքում հարցվողները նշել են, որ լոքդաունի ժամանակ երեխաների ամուսնությունները «լավագույն տարբերակն» են դարձել հենց իրենց՝ երեխաների համար։ Ընտանիքներն այդ կերպ կարողացել են կրճատել կենցաղային ծախսերը։
Ընդ որում՝ ամուսնության պաշտոնական տարիքը տարածաշրջանում 16 տարեկանն է (Պակիստան), 18-ը (Հնդկաստան, Շրի Լանկա, Բանգլադեշ) եւ 20-ը (Նեպալ)։ Գերատեսչությունը կոչ է արել ուշադրություն դարձնել այս խնդրին եւ սոցիալական պաշտպանության միջոցներ ձեռնարկել, այդ թվում անչափահասների կրթության վերաբերյալ։





























