Գերմանիայում երկաթուղային երթեւեկությունը կաթվածահար է եղել ուրբաթ՝ ապրիլի 21-ի առավոտյան, EVG երկաթուղու եւ տրանսպորտի աշխատողների միության կողմից հայտարարված նախազգուշական գործադուլի պատճառով: Աշխատանքային պայմանների բարելավման համար պայքարին ժամը 3:00-ից միացել են երկրի շուրջ 50 երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ, հաստատել է EVG-ի ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն:

Deutsche Bahn (DB) երկաթուղային ընկերության գնացքների երթեւեկությունը պետք է վերսկսվի ժամը 13.00-ին, սակայն DB-ն նախապես զգուշացրել է մինչեւ երեկո հնարավոր խափանումների մասին:

Միեւնույն ժամանակ, Ver․di ծառայությունների ոլորտի աշխատողների արհմիությունը շարունակում է նախօրեին սկսված գործադուլը Համբուրգի, Քյոլնի/Բոննի եւ Դյուսելդորֆի օդանավակայաններում, իսկ ուրբաթ օրվանից դրանց միացել են նաեւ Շտուտգարտի եւ Կարլսրուեի/Բադեն-Բադենի օդանավակայանները:

EVG միությունը պաշտպանում է գերմանական երկաթուղիների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը 12 տոկոսով, բայց ոչ պակաս, քան ամսական 650 եվրո: Ver.di-ն պահանջում է օդանավակայաններում աշխատողների համար գիշերային, հանգստյան եւ տոնական աշխատանքային նպաստների ավելացում, ինչպես նաեւ արտաժամյա աշխատավարձի բարձրացում: Ապրիլի 11-ին եւ 12-ին բանակցություններում հնարավոր չեղավ համաձայնության հասնել, հաջորդ փուլը նախատեսված է ապրիլի 27-28-ը: