Իրանի  Իսլամական Հանրապետության Մաքսային ծառայությունը  (IRICA) հայտարարել է, որ հաշվի առնելով Թեհրանի ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի մասին առկա համաձայնագիրը, Իրանը մտադիր է տնտեսական բլոկի հետ առևտրափոխանակումը առնվազն երկու տարում հասցնել մինչև 10 մլրդ դոլարի, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

ԻԻՀ Մաքսային ծառայության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը այս հայտարարությունն արել է շաբաթ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության գծով նախարար Էլդար Ալիշերովի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ իրանցի պաշտոնյայի, նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարչակազմը մտադիր է զարգացնել ռազմավարական կապերը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։

Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրափոխանակման ընդհանուր ծավալը 2022 թ․ կազմել է 3,3 մլրդ դոլար, ասել է նա՝ ավելացնելով, որ այս տարի Իսլամական Հանրապետությունը արտահանել է 1,5 մլրդ դոլարի և ներկրել 1,7 մլրդ դոլարի ապրանքներ։

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ փոխանակումը նույն տարում կազմել է 1,8 մլն մետրիկ տոննա՝  ներառյալ 1 մլն մետրիկ տոննա Իրանից և 700 հազ․ մետրիկ տոննա ԵԱՏՄ անդամ երկրներից, ավելացրել է նա։