Ամերիկյան Արքանզաս նահանգի բնակչուհի Քենդիս Չեփմեն Սքոտն իրեն մեղավոր չի ճանաչել մոտ 11 000 դոլարով Փենսիլվանիայի բնակչին բժշկական դպրոցի դիարանից դիակների մարմնի մասերի եւ օրգանների 20 տուփ վաճառելու մեջ, տեղեկացրել է The Associated Press-ը։

Ապրիլի 5-ին կայացված մեղադրական ակտը, որը հրապարակվել է ուրբաթ Լիթլ Ռոքի դաշնային դատարանում, դիարանի նախկին աշխատակցուհի, 36-ամյա Սքոտին մեղադրում է  մի տղամարդու հետ գործարքներ կնքելու մեջ, որի հետ նա ծանոթացել է Facebook-ով։

Սքոտը բանտում է, իսկ գրավի դիմաց նրան ազատ արձակելու հարցի լսումները նախատեսված են երեքշաբթի։

Սքոտն աշխատում էր Արքանզասի կենտրոնական դիարանում, որտեղ նրա պարտականությունների մեջ էին մտնում դիակների մնացորդների տեղափոխումը, դիակիզումը եւ զմռսումը։ Արքանզասի Լիթլ Ռոքի բժշկական համալսարանը տեղեկացրել է, որ հենց այնտեղ է բժշկական դպրոցն ուղարկել դիակները, որոնք հանձնվել են այդ դիարանին որպես նվիրատվություն, որպեսզի ուսանող բժիշկները կարողանան ուսումնասիրել դրանք։

Մեղադրական եզրակացությունում նշվել է, որ Սքոտը գնորդին դիմել է 2021թ. հոկտեմբերին եւ առաջարկել է նրան վաճառել բժշկական դպրոցին հանձնված դիակների մասերը, որոնք դիարանը պետք է դիակիզեր։

Մեղադրական եզրակացությունում նաեւ նշվել է, որ Սքոտը 10 975 դոլար է վաստակել PayPal-ով 16 առանձին փոխանցումների միջոցով։