Բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուները ճամբար են հիմնել Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում՝ Փել Մելում՝ Չարլզ III-ի թագադրման արարողությունը դիտելու համար լավագույն տեղերը զբաղեցնելու համար, գրում է The Independent-ը։
Նրանք տեղավորվել են Բուքինհեմյան պալատից մի քանի թաղամաս հեռու, վրաններ դրել եւ դրանք զարդարել բրիտանական դրոշներով։
Թագավորական շքերթի դիտման լավագույն տեղերը զբաղեցնելու համար երկրպագուներից մեկը երկուշաբթի երեկոյան ժամանել է Փել Մել՝ թագադրումից հինգ օր առաջ։ Նա իր առաջին գիշերը Փել Մելում նկարագրել է որպես «ցուրտ եւ աղմկոտ»:
«Ես շատ հուզված եմ։ Ես այնտեղ էի, երբ Կարլն ամուսնացավ, ես այնտեղ էի, երբ նրա կինը՝ Դիանան երեխաներ ունեցավ, բայց սա ամենասպասված իրադարձությունն է: Նա կդառնա թագավոր»,- ասել է 60-ամյա երկրպագուհին։
Թագավորական ընտանիքի մեկ այլ երկրպագու Լոնդոն է եկել ԱՄՆ-ի Քընեքթիքութ նահանգից եւ մայիսի 2-ին վրան խփել։ Նա զարմացել է, երբ հանդիպել է միապետականի, ում հետ ընկերացել է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ։
Թագադրման շքեղ երթը մայիսի 6-ին կանցնի Լոնդոնի փողոցներով եւ կտեւի երկու ժամ։ Չարլզ III թագավորը եւ թագուհի Կամիլան Վեսթմինսթերյան աբբայությունից Բուքինհեմյան պալատ կմեկնեն ոսկե կառքով:




























