Իրաքի նավթի նախարարությունը հայտարարել է մայիսի 13-ից Իրաքյան Քուրդիստանից նավթի արտահանումը վերսկսելու մասին։

Նշվում է, որ իրաքյան գերատեսչությունը պաշտոնապես ծանուցել է թուրքական BOTAS ընկերությանը մատակարարումների վերսկսման մասին։

Նախարարությունը նաեւ հայտարարել է միջազգային ընկերությունների հետ թուրքական Ջեյհան նավահանգստով մատակարարումների պայմանագրերի վերաձեւակերպման մասին՝ իրաքյան SOMO մարքեթինգային ընկերության պահանջներին համապատասխան։

Իրաքյան Քուրդիստանը նավթի համաշխարհային մատակարար է: Մինչեւ դադարը տարածաշրջանը շուկա էր մատակարարում օրական 450 հազար բարել։ Արտահանումը ստիպված էին դադարեցնել Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումից հետո, որի համաձայն Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանից նավթի արտահանման շուրջ վեճում Բաղդադը հաղթեց Անկարային։

Գործը քննվում էր գրեթե 9 տարի՝ 2024 թվականից։ Բաղդադը հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ թուրքական պետական ​​նավթագազային BOTAS ընկերությունը սկսել էր Իրաքյան Քուրդիստանից առաքված նավթը համաշխարհային շուկա արտահանել առանց Իրաքի կառավարության պաշտոնական թույլտվության եւ համաձայնության։

Ապրիլի առաջին կեսին Թուրքիայի նախագահական գրասենյակը հայտնել էր, որ իրաքյան իշխանությունները Անկարայից ներողություն են պահանջել՝ կապված Իրաքի Սուլեյմանիա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի գնդակոծման հետ։