Դատարանի մոտից 1 անձ սառը զենք պահելու հիմնավոր կասկածով Պարեկային ծառայության կողմից ձերբակալվել եւ տեղափոխվել է Շենգավիթի բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ քիչ առաջ իրավիճակը լարվել էր դատարանի բակում, որտեղից ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներից մեկին:

Դատարանի բակում հավաքված ակցիայի մասնակիցները պնդում էին, որ այդ անձը ակցիայի մասնակից չի եղել:

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջեւ հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան։ Նրանք հայտարարել էին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ծնողները պահանջում են դատարանից ազատ արձակել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։