Ես, որպես դատավոր, երբեք որեւէ ճնշման չեմ ենթարկվել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Վճռաբեկ դատարանի կոռուպցիոն հանցագործությունները քննող Հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ, մայիսի 24-ին ասել է թափուր պաշտոնի հավակնորդ, դատավոր Արմեն Դանիելյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։ Դատավորի խոսքով՝ նա նման դրսեւորում ոչ մի անգամ չի ֆիքսել։

Իր հերթին, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է. Արմեն Դանիելյանը բազմաթիվ դատական ակտերով «անարդարադատություն է իրականացրել»։ Խոսքը, մասնավորապես, իր մասնակցությամբ դատավարությունների մասին է։

Դանիելյանն ի պատասխան հայտարարել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություններ ներկայացվել են միայն  անցյալ տարի։ «Իմ աշխատանքային գործունեության 20 տարիների ընթացքում եղել է ընդամենը 2 դեպք։ Երկու անգամ էլ Բարձրագույն  դատական խորհուրդը մերժել է միջնորդությունը»,- նշել է դատավորը։