Երկուշաբթի՝ անընդհատ խախտվող զինադադարի վերջին օրը, Սուդանի մայրաքաղաք Խարթումը ցնցվում է կրակոցներից եւ հրետակոծություններից, հաղորդում է AFP-ն:
Բնակիչները նշում են, որ Խարթումի հյուսիսում բախումներ են տեղի ունենում փողոցներում, իսկ մայրաքաղաքի հարավը հրետակոծության է ենթարկվել։
Մեկ շաբաթ առաջ, երբ սկսվեց զինադադարը, վախեցած բնակիչները կարողացան դուրս գալ՝ փորձելով հայթայթել սնունդ կամ ջուր, որոնց արժեքը պատերազմից հետո կրկնապատկվել է:
Չդադարող ռազմական գործողությունները խոչընդոտում են անհրաժեշտ հումանիտար օգնության առաքմանը, որից, ըստ ՄԱԿ-ի, ներկայումս կախված է 25 միլիոն մարդու՝ երկրի բնակչության կեսից ավելիի գոյատեւումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւելյան Դարֆուր նահանգի մեկ հիվանդանոցում ավելի քան 30 երեխա է մահացել ռազմական գործողությունների սկսվելուց հետո:
Ապրիլի 15-ից առնվազն 1800 մարդ է սպանվել, ավելի քան մեկ միլիոն մարդ Սուդանի ներսում տեղափոխվել է, իսկ մոտ 350,000-ը փախել են այլ երկրներ:





























