Ֆիլիպինյան Մայոն հրաբխի մոտ ապրող հազարավոր բնակիչներ տարհանվել են, քանի որ պաշտոնյաները նախազգուշացրել են մոխրի ու թունավոր գազերի վտանգավորության մասին, տեղեկացրել է AFP-ն։
Սեյսմոլոգները հայտարարել են, որ վերջին 24 ժամում գրանցվել է առնվազն մեկ հրաբխային երկրաշարժ, իսկ Մայոն հրաբխից Ալբայ նահանգ շիկացած քարեր են նետվել։
Ավելի քան 12 800 մարդ տեղափոխվել է տարհանման կենտրոններ, տեղեկացրել է քաղաքացիական պաշտպանության ֆիլիպինյան վարչությունը։
«Գոյություն ունի առողջության համար ուղեկցող վտանգ ծծմբի գազի կամ մոխրանման ամուր մասնիկների պատճառով»,- ասել է առողջապահության նախարար Թեոդորո Հերբոսան կիրակի օրվա ճեպազրույցում։
Մայոնը մայրաքաղաք Մանիլայից հեռու է 330 կիլոմետր, այն երկրում գործող 24 հրաբուխներից ամենաանկայունն է։
Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ֆիլիպինյան ինստիտուտը տեղեկացրել է, որ քարերն ընկնում են խառնարանի լավային գմբեթից։ Քարերն ընկել են երկու կիլոմետր տարածության վրա, իսկ ծծմբի երկօքսիդի արտանետումները եռապատկվել են շաբաթ օրվանից, տեղեկացրել են հրաբխագետները։
Զգուշացվել է հնարավոր շնչառական հիվանդությունների վտանգի մասին։
Երկրաշարժը եւ հրաբխային ակտիվությունը սովորական երեւույթ են Ֆիլիպիններում, քանի որ երկիրը գտնվում է խաղաղօվկիանոսյան «Հրե օղակում», որտեղ բախվում են տեկտոնական սալերը։
Հինգ տարի առաջ Մայոնը դարձել էր տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման պատճառ՝ միլիոնավոր տոննա մոխիր, քար եւ լավա ժայթքելով։
Ամենահզոր ժայթքումը երկրում վերջին տասնամյակներին եղել է Պինատուբոյի ժայթքումը 1991թ., որի հետեւանքով զոհվել է ավելի քան 800 մարդ։





























