Հնագետները Էգեյան ծովի Կիֆնոս կղզու վերին բլրին հայտնաբերել են «անթիվ» խեցե իրեր, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարարությանը։

Նախարարության հայտարարությունում նշվել է, որ գտածոները, որոնք հայտնաբերվել են այս տարի, ներառում եմ ավելի քան 2 000 անվնաս կամ գրեթե անվնաս կավե արձանիկներ, հիմնականում կանանց եւ երեխաների, բայց կան նաեւ տղամարդու արձանիկներ, ինչպես նաեւ կրիաներ, առյուծներ, խոզեր եւ թռչուններ։

Մի քանի իրեր կապված են երկրագործության աստվածուհու՝ Դեմետրեի սերնդի եւ նրա դստեր՝ Պերսեփոնեի հետ, որին նվիրված է եղել սրբավայրի պեղված համալիրը։

Կիֆնոսի ծովափնյա Վրիոկաստրո քաղաքը կղզու հնագույն մայրաքաղաքն էր, որը բնակեցված է եղել մ.թ.ա 12-րդ դարից մինչեւ մ.թ. 7-րդ դարը, երբ այն ծովահենների արշավանքների ժամանակ լքել են՝ ավելի ամուր դիրքեր գտնելու հույսով։

Նմուշները գտնվել են երկու ոչ մեծ տաճարների ավերակներում, կողքին գտնվող երկար շինությունում, որը, գուցե, տաճարի մառանն է եղել, եւ մերձակա փոսում, որտեղ թաղվել են հին նվիրատվությունները, որպեսզի տեղ բացվի նորերի համար։ Սրբավայրը օգտագործվել է մոտ հազար տարի՝ սկսած մ.թ.ա. VII դարից։

Պեղումների ժամանակ, որոնք իրականացրել են Հունաստանի Թեսալիայի համալսարանը եւ մշակույթի նախարարությունը, գտնվել են նաեւ շքեղ խեցե իրեր, որոնք բերվել են Հունաստանի այլ շրջաններից, հարուստ զարդարանք ունեցող ջահեր եւ ծիսական անոթների կտորներ, որոնք օգտագործվել են Դեմետրեին եւ Պերսեփոնեին Աթենքի հնագույն Էլեւսիս արվարձանում երկրպագելու համար։

Կիֆնոսը Կիկլադյան կղզիների խմբի մեջ է մտնում, այն առաջին անգամ բնակեցվել է մոտ 10 000 տարի առաջ։ Նրա պղնձի հանքերը մշակվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչեւ մեր թվականությունը, իսկ հռոմեական ժամանակաշրջանում այն եղել է քաղաքական աքսորավայր։

Պեղումները շարունակվելու են մինչեւ 2025թ.։