Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ կտեղակայվի ռազմաբազա: Այս մասին հայտնում է TGRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Պնդվում է, որ նման քայլը կուժեղացնի թուրքական ինքնիշխանությունն Արևելյան Միջերկրական ծովում, կամրապնդի վերահսկողությունը Թուրքիայի տարածքային ջրերում և կապահովի առևտրային նավերի անվտանգությունը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ այս շրջանում ստեղծվելիք ռազմաբազայում նախատեսվում է տեղակայել թուրքական մարտական անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։
2019 թվականի նոյեմբերին Լիբիայի Ազգային միասնության կառավարությունը (ԱՄԿ) և թուրքական իշխանությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ երկու երկրների միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ։ Անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին ԱՄԿ-ն Թուրքիայի հետ նավթագազային ոլորտում երկու նոր փոխըմբռնման հուշագիր կնքեց, փաստաթղթերից մեկը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է համատեղ երկրաբանական հետախուզմանը:
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (Խորհրդարանի) ղեկավար Ակիլա Սալեհը նույն օրը ստորագրված փաստաթղթերն անվավեր է անվանել և ուղերձ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով չճանաչել ԱՄԿ-ի և Անկարայի միջև փոխըմբռնման այս հուշագրերը։ Եգիպտոսն ու Հունաստանը դեմ էին համաձայնագրերին։
Ներկայումս Լիբիայում իրականում երկու նախարարների կաբինետ կա՝ երկրի արևելքում՝ Ֆաթհի Բաշագայի գլխավորությամբ, որին աջակցում է խորհրդարանը, և ԱՄԿ-ն, որի կենտրոնակայանը Տրիպոլիում է։ Անցյալ տարվա հունիսի 22-ին լրացավ Ժնևի պայմանավորվածություններից հետո ՄԱԿ-ի սահմանած անցումային շրջանը, որի ավարտին Լիբիայում պետք է հայտնվեին ընտրված նախագահն ու խորհրդարանը։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին նշանակված ընտրությունները չեղարկվել են, իսկ դրանց անցկացման օրը դեռ որոշված չէ, հայտնում է ТАСС-ը:





























