ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, Ամերիկայի հայկական համագումարի Հյուսիս-քալիֆորնիական խորհուրդը կարճ հանդիպում է կազմակերպել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:  

Լսարանի առջեւ հանդես է եկել նաեւ «HALO Trust USA»-ի փոխնախագահ Էնդրյու Լայոնսը եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ռոբերտ Ավետիսյանը պատմական ակնարկ է ներկայացրել Ղարաբաղի մասին, նաեւ խոսել է ընթացիկ խնդիրների ու բանակցային գործընթացի մասին, նշելով, որ «Ադրբեջանական ԽՍՀ կազմում Ղարաբաղի 70-ամյա գոյության ընթացքում, Բաքվի իշխանությունները պարբերաբար խախտել են ղարաբաղցի հայերի իրավունքները, խոչընդոտել են շրջանի տնտեսական զարգացմանը եւ իրականացրել Ղարաբաղից հայերի արտաքսման քաղաքականություն` դրանով փոփոխելով շրջանի ժողովրդագրական պատկերն ի օգուտ ադրբեջանական փոքրամասնության»:

«Այսօր Արցախը անկախ պետություն է, որն ունակ է պաշտպանել իր քաղաքացիներին, իսկ մեր հայրենիքում բնակչության թվի նազեցման Բաքվի քաղաքականությունն ավարտվել է»,- ասել է Ավետիսյանը: