Երրորդ երեխային սպասող 36-ամյա Անուշի համար Ստեփանակերտից Երեւան գաղթի ճանապարհը դժոխային էր։ Բեզինի պահեստի պայթյունից կիսաայրված ամուսնու կյանքը փրկելու համար դեպի Հայաստան ճանապարհը 2 օր է տևել, սակայն ապարդյուն, վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:

photo_2023-10-12_00-07-01.jpg (75 KB)

photo_2023-10-12_00-07-05.jpg (130 KB)

«Հենց այդ իրիկունը, որ պայթյունը եղավ, մտածում էինք, որ  ամուսնուս եղբայրն է այնտեղ եղել, գնացինք մանկական հիվանդանոց, որտեղ վիրավորներին էին տարել, փնտրում էինք, որ գտնեինք, սակայն բոլորն այրված մարդիկ էին, չէինք ճանաչում: Հետո իջանք Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ ամուսնուս գտա․ երեխաներս հորը ճանաչեցին: Նա ոստիկան էր, ծառայության  մեջ էր, չգիտեի, որ նա ևս այնտեղ է եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Անուշը:

Հանրապետական հիվանդանոցում, ինչպես պատմում է Անուշը, քաոս էր տիրում, բժիշկներ ու բուժքույրեր չկային, որ կարողանային օգնություն ցույց տալ այրված մարդկանց:

photo_2023-10-12_00-07-07.jpg (111 KB)

photo_2023-10-12_00-07-10.jpg (109 KB)

«Հիվանդանոցում մնացած բժիշկները խնդրում էին մարդկանց, որ իրենց օգնեին, վիրակապեին այրվածքներ ստացածներին: Ամուսնուս շտապօգնության մեքենայով  տեղափոխեցին Հայաստան, երբ արդեն կոմայի մեջ էր: Մենք էլ հետեւից մեքենայով գալիս էինք, բայց մեքենաների խցանման պատճառով Գորիս հասնելը 2 օր տևեց: Այնտեղ 2 ժամ պառկեցի, ասեցին՝ վիժման վտանգ կա, ցավեր ունեի, հետո տաքսիով հասա Էրեբունի հիվանդանոց, գիշերը մնացի այնտեղ, առավոտյան  խնդրեցի բժշկուհուն, որ տեսնեմ ամուսնուս, մինչեւ վիրակապելու տանելը: Մտա, տեսա, դուրս եկա, հետո մահացավ»,- պատմում է Անուշն ու չի կարողանում զսպել արցունքները:

photo_2023-10-12_00-07-12.jpg (143 KB)

12 եւ 14 ամյա երեխաները, պատմում է 36-ամյա կինը, շատ ծանր են տանում հոր մահը եւ Ստեփանակերտում իրենց տեսածը, չեն ցանկանում դպրոց գնալ, նույնիսկ ընկերների զանգերին արդեն չեն պատասխանում:

«Երեխեքս այդ ամենը ինձ հետ տեսել են, 2 օր ինձ հետ հիվանդանոցում էին. հիվանդանոցի միջանցքներում բոլորն այրված, կին, երեխա, մեծահասակ․ մենք դժոխքի միջով ենք անցել: Նրանք չեն ցանկանում այստեղ դպրոց գնալ, Արցախ են ուզում հետ գնալ, մեր տունն են ուզում, իրենց դպրոցն են ուզում»,- ասում է նա:

photo_2023-10-12_00-07-14.jpg (160 KB)

Անուշը բազմաթիվ հարազատներ է կորցրել պայթյունի հետեւանքով. ամուսնու եղբայրը նույնպես եղել է պայթյունի վայրում, այրվածքներ է ստացել, ամուսնու քրոջ 25 տարեկան որդուն դեռ չեն գտել. «Ամուսնուս քրոջ տղան 21 օր էր, որ ամուսնացած էր,  նրա կնոջ հորը եւ երկու եղբայրներին՝ 16 եւ 14 տարեկան, նույնպես չեն գտել: Քեռուս իր փեսայի հետ չեն գտել, կնոջը օրեր առաջ գտան Էրեբունի հիվանդանոցում, անճանաչելի էր: Ամուսնուս ընկերն էլ 14 տարեկան երեխայի հետ չկա»:

Արցախցի կնոջ խոսքով՝  պայթյունից հետո Ստեփանակերտում իսկական խառնաշփոթ է սկսվել, մարդիկ չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ինչու է եղել պայթյունը:

photo_2023-10-12_00-07-15.jpg (179 KB)

Մասնագիտությամբ մանկավարժ Անուշը Ստեփանակերտում մանկապարտեզում է աշխատել, ադրբեջանական հարձակման օրն էլ աշխատավայրում է եղել, սեփական երեխաներին գիշերն է գտել՝ Ստեփանակերտի թաքստոցներից մեկում:

Անուշի ամուսինը ասել է, որ իրենք ամենավերջում դուրս կգան քաղաքից, քանի որ պետք է զոհված զինծառայողների դիերը հանեին:

«Ամուսինս զանգեց, ասեց, որ մենք վերջում դուրս կգանք, երբ որ զինվորների դիակները կհանեն, որովհետեւ այդ երեխեքը պաշտպանել են, որ ադրբեջանցիները չմտնեին քաղաք: Վերջում էլ  նույնիսկ բանալին չեմ վերցրել, թողել եմ դռան վրա ու հեռացել եմ»,-ասաց նա:

photo_2023-10-12_00-07-17.jpg (116 KB)

Անուշի երրորդ երեխան լույս աշխարհ կա փետրվարին, մինչեւ փոքրիկի ծնվելը նա ցանկանում է Երեւանում ապրել, որ կարողանա բժշկի այցելել, իսկ երեխայի ծնվելուց հետո մտածում է տեղափոխվել մարզ, որ կարողանա ե΄ւ վարձ վճարել, ե΄ւ երեխաներին խնամել:

«Հետներս ոչ մի բան չենք վերցրել, որ տուն գտնեմ, երեխաներիս համար պետք է հագուստ, պայուսակ ճարեմ, որ ուղարկեմ դպրոց»,- ասում է նա:

Անուշն այժմ երեխաների հետ մենակ է մնացել, նա  օգնության կարիք ունի։ Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել  095 295566 հեռախոսահամարով: