Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը որևէ առիթ բաց չի թողնում Հայաստանին և դրա տնտեսությանը վնասելու համար։ Ռազմական և դիվանագիտական լծակներից դուրս Հայաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական գործիքներից մեկը բնապահպանությունն է, որի քողի տակ թիրախավորվում է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը՝ հանքարդյունաբերությունը։

Ադրբեջանցի «մասնագետների» որևէ հարցազրույց կամ գիտական վերլուծություն չի անցնում առանց Սովետական միության ժառանգությանը կամ հարևան երկրներին, հիմնականում՝ Հայաստանին, Ադրբեջանի էկոլոգիական խնդիրների մեջ մեղադրելու։ Այս փորձագետները առիթը բաց չեն թողնում խոսելու Հայաստանում բնապահապանական «աղետալի իրավիճակի» մասին, որը ազդում է նաև հարևան երկրների վրա, մասնավորապես «սահմանամերձ հանքերի և ձեռնարկությունների հասցրած վնասի» կամ «Արաքս գետ լցվող արդյունաբերական թափոնների» տեսքով։

Իսկ թվերն ու ցուցանիշներն այլ բանի մասին են խոսում։ Մասնավորապես, Եյլի համալսարանի կողմից հրապարակվող Բնապահպանական արդյունավետության ինդեքսով Ադրբեջանը 180 երկրների ցանկում 104-րդն է, Հայաստանը՝ 56-րդը։ Բացի այդ, հաշվարկները ցույց են տալիս, որ Ադրբեջանում գալիք 30 տարիների ընթացքում ավելի շատ նավթ է արդյունահանվելու, քան ամբողջ 20-րդ դարի, այսինքն ԽՍՀՄ ժամանակաշրջանում։

Ադրբեջանի մեղադրանքների անհիմն լինելն ավելի ակնառու է դառնում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար հրապարակվող մակերևութային ջրերի մոնիթորինգի տվյալներն ուսումնասիրելիս։ Վերջին՝ հունիս ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ 28-րդ դիտակետից, որը գտնվում է հյուսիսից Արաքսի՝ Հայաստանից Նախիջևանի սահման անցմանը մոտ, մինչև 29-րդ դիտակետ, որը տեղակայված է հարավում, արդեն Նախիջևանից Հայաստանի սահման Արաքսի անցման մերձակայքում, գրեթե բոլոր մետաղների կոնցենտրացիան կտրուկ աճում է, իսկ հաջորդ անցակետում էական փոփոխություն չի կրում։

hnbgfvdc.jpg (160 KB)

hgfds.jpg (152 KB)

Որպես իր փաստարկների հիմնավորում՝ Ադրբեջանը պարբերաբար շահարկում է նաև Հայաստանի՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի չվավերացման փաստը։ Սակայն Հայաստանը մշտապես նշել է, որ կոնվենցիայի կետերը մշտապես որպես ուղեցույց է ծառայեցրել ազգային քաղաքականության մշակման ժամանակ: Հայաստանը պարբերաբար կամավոր զեկույցներ է ներկայացնում Միավորված ազգերի կազմակերպությանը, մասնավորապես Ջրի և Առողջության մասին Արձանագրության վերաբերյալ, և այս առումով զգալի առաջընթաց է ձեռք բերվել մեր ազգային ոլորտային թիրախները և Գործողությունների ծրագրերը արձանագրությանը համապատասխանեցնելու հարցում:

Բացի այդ, Հայաստանը 2017 թվականից դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (Extractive Industries Transparency Initiative, EITI) անդամներից մեկը, որի շրջանականերում դասվում է բարձր առաջընթաց գրանցած երկրների ցանկում: Ավելին, Հայաստանը նախաձեռնությանը մասնակից փոքրաթիվ երկրներից է, որը գործարկել է բաց էլեկտրոնային հարթակ՝ eiti.am-ը, որում պարբերաբար հրապարակվում են հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների համապարփակ հաշվետվությունները՝ ապահովելով առավելագույն թափանցիկություն։ Ադրբեջանի անդամակցությունը նախաձեռնությանը նույն թվականին կասեցվել է նախաձեռնության սկզբունքների խախտման հիմնավորմամբ։

Նման կեղծ փաստարկները որպես առիթ օգտագործելով՝ Ադրբեջանը պարբերական կրակոցներով խոչընդոտում է հատկապես սահմանամերձ ձեռնարկությունների աշխատանքը։ Աշխատակիցներին հակառակորդի կրակահերթերից պաշտպանելու համար Սոթքի ոսկու հանքավայրը ստիպված եղավ անցնել փակ հանքի ռեժիմի, որը թեև էկոլոգիապես պակաս վնասակար, սակայն աշխատակիցների կյանքի համար ռիսկեր պարունակող ներկայացնող ձևաչափ է։ Ադրբեջանցիների մշտական սադրանքներից խուսափելու համար դադարեցվեց նաև Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը, որի աշխատակիցներից երկուսը վիրավորում էին ստացել հակառակորդի կրակոցների հետևանքով։

Նույն գործելաոճն, ինչպես հայտնի է, ալիևյան ռեժիմը կիրառեց նաև Արցախի դեմ՝ բնապահպանական պատճառաբանությամբ 10 ամիս բլոկադայի ենթարկելով և վերջնարդյունքում էթնիկ զտման հասցնելով տեղի բնիկ հայ բնակչությանը։ 

«Հանուն բնության» սկսված շրջափակումը այլ հետևանքների թվում նաև աղետալի վնաս հասցրեց Արցախի բնությանը։ Մասնավորապես, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայից զրկված Արցախը ստիպված էր հոսանք արտադրել սեփական ուժերով՝ հէկ-երի միջոցով, ինչը հանգեցրեց Սարսանգի ջրամբարի ցամաքեցման։

kjjmnhbgvc.jpg (160 KB)

Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորումը լրագրողների հետ զրույցում կապել էր ոլորտի զարգացմամբ և նոր ներդրումներով՝ ի հակադրություն նավթագազային ոլորտի անկման․ «2014 թվականից ի վեր ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները։ Կապված նավթագազային ոլորտի անկման հետ՝ նրանք արդեն հետզհետե հետ են մնալու։ Բաքվում հասկանում են, որ ՀՀ–ի տնտեսական աճը ենթադրում է նաև Հայաստանի ռազմական հզորացում»։

Էկոատիվիզմի քողի տակ թաքնված էկոահաբեկիչները

Բնապահպանությունը Հայաստանը թուլացնելու առիթ օգտագործող Ադրբեջանը ջանք չի խնայում «կանաչ տնտեսության» անցնելու պատրանք ստեղծելու համար, սակայն երկիրը սեփական բիզնես պրոյեկտի վերածած ալիևյան ռեժիմը ներսում շարունակում է էկոահաբեկչական գործունեությունը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տնտեսությունը։ 2022 թվականի տվյալներով՝ այս երկրի ՀՆԱ 55.94%, իսկ արտահանման 92 տոկոսը բաժին է ընկնում նավթին, գազին կամ դրանց վերամշակումից ստացված արտադրանքներին։ Համեմատության համար ՀՀ համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը նույն ժամանակաշրջանի տվյալներով կազմում է շուրջ 4.9, իսկ արտահանման մեջ՝ 17.54 տոկոս։

Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը աղետալի տնտեսական գործունեության հետևանքով խիստ աղտոտված է նավթով և նավթամթերքներով, որոնք չենք կարող վտանգ չներկայացնել նաև Կասպից ծովի ավազանի երկրների մյուս երկրների՝ Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի համար։

Մերձակա բնակավայրերի բնակիչները և որոշ բնապահպաններ (Արցախը շրջափակելուց ազատ ժամանակ) պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում էկոլոգիական աղետալի իրավիճակի վերաբերյալ, հրապարակում ֆոտո և վիդեո ապացույցներ, սակայն նրանց ձայներըը բռնի կերպով լռեցվում են ալիևյան ռեժիմի կողմից, իսկ հազվադեպ արվող փորձաքննությունների արդյունքներով «բոլոր նորմերը պահպանված են»։

hgfdcsxa.jpg (93 KB)

Ադրբեջանում է գտնվում նավթի և գազի արդյունահանման ամենամեծ տերմինալներից մեկը՝ Սանգաչալի տերմինալը։ Crude Accountability-ի հրապարակման համաձայն՝ տերմինալի մոտակայքում գտնվող բնակավայրերում փորձաքննություններ գրեթե չեն արվում, մինչդեռ բնակիչները նշում են, որ հատկապես 2018-ից շատացել են բռնկումների, ծուխի արտանետումների դեպքերը։ Բնակիչներն ունեն շնչառական և այլ առողջական խնդիրներ, հագուստը կարող է պատվել անհասկանալի հետքերով։ Նմանատիպ իրավիճակ է նաև մյուս տերմինալների շրջակայքում։

bvfcx.jpg (156 KB)

Սակայն Ադրբեջանում աղետալի իրավիճակ է ոչ միայն նավթի արդյունահանման ոլորտում․ վերջին աղմկահարույց միջադեպը տեղի ունեցավ այս տարվա հունիսին՝ Գեդաբեկ շրջանի Սոյուդլու գյուղում։ Բնակավայրի մերձակայքում է գտնում բրիտանական «Anglo Asian Mining» ընկերության ոսկու հանքավայրերից մեկը։ Բնակիչները բողոքում էին երկրորդ պոչամբարի կառուցման դեմ՝ նշելով, որ առաջին պոչամբարն արդեն իսկ վնասում է իրենց առողջությանը։ Ադրբեջանի իշխանությունները խնդրին մոտեցան «ավանդական» մեթոդներով՝ ծեծի ենթարկեցին, ձերբակալեցին ակցիայի մասնակիցներին և երեք շաբաթով շրջափակեցին գյուղը՝ արգելելով դրանից մուտքն ու ելքը։ Դրան հետևեց հանքի գործունեության ժամանակավոր դադարեցումը՝ փորձաքննություններ իրականացնելու համար, որոնց արդյունքում կրկին պարզվեց, որ գյուղի խմելու ջուրը պարունակում է ցիանիդ, բայց «թույլատրելիի սահմաններում»։

gbvfcdsxa.gif (380 KB)

«Anglo Asian Mining»-ը Ադրբեջանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է, որը հիմնադրվել է 2004 թվականին։ Ընկերությունն իր նախորդ՝ ամերիկյան «RV Investment» ընկերության և ադրբեջանական կառավարության միջև 1997 թվականին ստորագրված համաձայնագրով ստացել է 6 շրջաններում գործունեություն ծավալելու արտոնություն՝ Գեդաբեկ (պատմական Գետաբակ), Գոշա, Օրդուբադ (Նախիջևանում), Սոյուդլու (Սոթք), Ղզլբուլաղ (Մարտակերտի շրջանում, ներառում է Դրբոնի հանքավայրը) և Վեյնալի (Կովսականում):

Ընկերությունը, ակնհայտ պատճառներով, մինչև 2020 թվականի նոյեմբեր հասանելիություն չուներ «իրեն տրամադրված» տարածքներից շատերին։ 2022 թվականի հուլիսին վերոնշյալ պայմանագիրը փոխվել է նորով․ ընկերությունը հրաժարվել է Սոթքի տարածքից և փոխարենը ստացել երեք նորը՝ Ղարադաղ, Դեմիրլի (Մարտակերտի շրջանում, ներառում է Կաշենի հանքավայրը) և Խարխար։ 

khjnbgvx.jpg (111 KB)

Պատկերը՝ ընկերության

Այսպիսով իրենց տրված 8 տարածքներից նախորդ տարվա հուլիսի դրությամբ ընկերությունը հասանելիություն է ստացել 6-ին։ Սակայն բուն արդյունահանման աշխատանքներ իրականացվում են միայն Գեդաբեկի հանքավայրում 2015 թվակաին։ 

Երիտասարդ հանքավայրն (համեմատության համար՝ Քաջարանի հանքավայրը շահաջործվում է 1945 թվականից) արդեն այնպիսի խախտումներով է շահագործվում, որ վտանգում է Սոյուդլու գյուղի բնակիչներին առողջությունը և հանգեցրեց հանքի դեմ բողոքի ակցիաների։

Այսպիսով, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բնապահպանական ճակատում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները մեկ կրակոցով երկու խնդիր լուծելու նպատակ ունեն՝ քողարկելու սեփական բնության նկատմամբ հանցագործություններն ու շարունակելու Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ալիևյան ռեժիմի օրակարգի սպասարկումը։ 

Ուստի, յուրաքանչյուր երկրի բնապահպանական պրակտիկայի արդար և օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունը, ոլորտում կոռուպցիայի և քաղաքական շահարկումների բացառումը առաջնային խնդիր է դառնում, քանի որ միայն թափանցիկության և համագործակցության միջոցով մենք կարող ենք հուսալ պաշտպանել մեր մոլորակը և նրա փխրուն էկոհամակարգերը: