Արտաշատի քաղաքային հիվանդանոցից անցած ուրբաթ օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը: Նրան պատրաստվում են վիրահատել: Հիշեցնենք, որ վերջինս ոտքի եւ ձեռքի հատվածներում հրազենային վնասվածքներ է ստացել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի կողմից` իրեն ամրակցված ատրճանակից ստացած կրակոցների հետեւանքով: Միջադեպը տեղի էր ունեցել Երեւան-Արտաշատ ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի սկզբնամասում, պաշտպանության նախարարության բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վ.Միրզոյանի գազալցակայանի մոտ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ թե’ Զադոյանը, թե’ Կարապետյանը գործով անցնում են որպես վկաներ: Դեպքից հետո մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահ նշել էր, որ բանը չի հասնի նրան, որ Կարո Կարապետյանին ձերբակալելու համար գլխավոր դատախազը մտնի ԱԺ: Եւ իսկապես, ամեն ինչ խոսում է այն մասին, Ա. Զադոյանին թիկունքից կրակած պատգամավորը պատասխանատվության չի ենթարկվելու: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանամերձ բիզնեսմենները քրեական հանցագործություն են կատարում բայց չեն պատժվում: