Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը եւ ճաղավանդակներին, կոտրել այն եւ մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, ով, վտանգելով իր կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, ում այնուհետեւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել եւ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հրշեջները մեծ դժվարությամբ են կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Հիվանդանոց տեղափոխվելիս վարորդը ասում էր, որ ավտոմեքենայում բացի իրենից եւս 3 հոգի են եղել։ Կրակը մարելուց հետո փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան․ բարեբախտաբար վարորդի հայտնած տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։





























