Երեք ամիս առաջ հակամարտությունը սկսվելուց ի վեր Գազայում օրական միջինը 10-ից ավելի երեխա կորցնում է մեկ կամ երկու ոտքը, ասվում է Save the Children միջազգային բարեգործական կազմակերպության հայտարարության մեջ:
Կազմակերպության տվյալներով, հոկտեմբերի 7-ից սկսած անդամահատվել է ավելի քան 1000 երեխայի մեկ կամ երկու ոտքը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ երեխաների այս վիրահատություններից շատերը կատարվել են առանց անզգայացման, քանի որ Գազայի առողջապահական համակարգը խարխլվել է հակամարտության և բժիշկների ու բուժքույրերի, ինչպես նաև դեղամիջոցների պակասի պատճառով:
Թեև Գազայի 36 հիվանդանոցից 13-ը նախկինի պես մասամբ են գործում, դրանք աշխատում են անհետևողականորեն՝ կախված ցանկացած օրվա ընթացքում վառելիքի և հիմնական դեղամիջոցների հասանելիությունից: Գազայի հատվածի հարավում գտնվող 9 մասնակի գործող հիվանդանոց գործում է իր հզորության եռապատիկ չափով՝ առաջին անհրաժեշտության իրերի և վառելիքի խիստ պակասի պայմաններում: Ավելին, ԱՀԿ-ի տվյալներով, Գազայի առողջապահության ոլորտի աշխատողների միայն 30%-ն է դեռ աշխատում։
«Ես տեսել եմ բժիշկների և բուժքույրերի, որոնք ամբողջովին ցնցված էին, երբ երեխաներ էին բերում հրազենային վնասվածքներով: Երեխաների՝ այդքան ցավ ապրելու և նրանց բուժման կամ ցավը թեթևացնող սարքավորումների, դեղամիջոցների բացակայության հետևանքները չափազանց մեծ են նույնիսկ փորձառու մասնագետների համար: Նույնիսկ պատերազմական գոտում ռումբերով խեղված փոքրիկ երեխայի տեսքին ու ձայնին անհնար է հաշտվել, առավել ևս հասկանալ դա մարդկայնության շրջանակներում», - ասվում է Գազայի հատվածում կազմակերպության ղեկավար Ջեյսոն Լիի հայտարարության մեջ:




























