ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր` նոյեմբերի 4-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























