Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նոյեմբերի 3-ին, ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Երեւան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում ՎԶԵԲ-ի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը` ասելով, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի դերը գնահատելի է ՀՀ տնտեսական, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ վերջին քսան տարվա ընթացքում ՎԶԵԲ-ի աջակցությամբ, Հայաստանում իրականացվել է շուրջ 100 ծրագիր՝ 600 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ՝ բանկային համակարգի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, ագրոհատվածի եւ վերամշակող արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի եւ  ենթակառուցվածքների ոլորտներում: Յան Ֆիշերի խոսքով, այդ իրականացված ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ ՎԶԵԲ-ը շարունակելու է օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ համագործակցության հետեւողական իրագործման ապահովումը, այդ փոխգործակցության արդյունավետության առավել բարձրացման նպատակով քայլերի ձեռնարկումը:

Հյուրերի խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: