Բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել։

«Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։

 Միքայել Բադալյանը չի՛ խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ»,- ասվում է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի ու Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր լրագրող Գոհար Հայրապետյանը գրել էր, որ բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ:

Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: «Մայիսի 5-ին՝ ժամը 23.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Երևանի 35-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ժամը 23-ի սահմաններում Թումանյան փողոցի ակումբում անհայտ անձիք մոտեցել են իրեն և անհարգալից վերաբերմունք ցույց տվել:

Նաև հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ահազանգով դեպքի վայր են մեկնել պարեկային ծառայողներ և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

35-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ մի տղամարդ և նրա սեղանակիցները վիճաբանել են իր հետ, որի ընթացքում վերոհիշյալ տղամարդը անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, վերցրել է իր բջջային հեռախոսը, քաշքշել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ որոշ ժամանակ անց վերադարձրել է հեռախոսը:

35-ամյա երիտասարդը հրաժարվել է հաղորդում տալ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվում է ծառայողական քննություն: Նշված դեպքի հետ կապված՝ որոշ շրջանակներ և ԶԼՄ-ներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել «անպատժելիության մթնոլորտի» վերաբերյալ։

Հարկ է նշել, որ ոստիկանության ծառայողները արագ հասել են դեպքի վայր, կասեցրել են հետագա զարգացումները, ինչպես նաև, թեև 35-ամյա տղամարդը հրաժարվել է մոտենալ ոստիկանության բաժին և հաղորդում տալ, այնուհանդերձ, ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում ձեռնարկել է միջոցառումներ և կազմված փաստաթղթերն ուղարկել Քննչական կոմիտե»,-փոխանել են ՆԳՆ-ից։