Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 17-ին, հանդիպել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Եվրամիության ԱԳ եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ գոհունակություն հայտնել, որ այդ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում եւ խորանում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ Էշթոնի այցելությունը Հայաստան եւ Երեւանում ունեցած արդյունավետ քննարկումները նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը:
«Մեր հարաբերությունները հիմնված են միեւնույն արժեքային համակարգի վրա, եւ մենք նպատակադրված ենք հետեւողականորեն իրականացնել եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ Հայաստանում»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Քեթրին Աշթոնը նշել է, որ Եվրամիությունը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը եւ շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե բարձր մակարդակի շփումներով, թե քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ եւ խորացմամբ, թե ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով, թե խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներով, թե մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:
Հյուրի խնդրանքով, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեթրին Էշթոնն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Աշթոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Այս առումով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը հետեւել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:



























