Մեկ շաբաթից Բրյուսելում տեղի կունենա ԵՄ - Հայաստան համագործակցության խորհրդի նիստը, որի ժամանակ կամփոփվեն տարվա ընթացքում հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների արդյունքները: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
ԱԳ նախարարը նշել է, որ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի հետ մի քանի անգամ հանդիպել է եվրոպական մայրաքաղաքներում, բայց սա Քեթրին Էշթոնի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա` այցը լավ հնարավորություն է ընձեռում շարունակել երկխոսությունը, քննարկել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: «Մենք ուրախ ենք, որ վերջին ժամանակներս ԵՄ-ի հետ հարաբերությունները բավական դինամիկ զարգանում են, դրանք հիմնված են նույն արժեքային համակարգի եւ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումները շարունակելու մեր ցանկության վրա»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա` հարաբերություններն արագ զարգանում են ինչպես բարձր մակարդակի այցերի, այնպես էլ ասոցացված անդամ դառնալու շուրջ բանակցությունների, ազատ առեւտրի գոտու ստեղծման, վիզային ռեժիմի պարզեցման առումով: Նախարարը նաեւ կարեւորել է եվրոպական փորձագետների օգնությունը Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում:
Իր հերթին Էշթոնը հույս է հայտնել, որ այցը առաջինն էր, բայց ոչ վերջինը:
Գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման վերաբերյալ եւ նշելով առաջընթացը`Էշթոնը համոզմունք հայտնեց, որ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները առաջիկա ամիսներին արդյունք կտան:


























