Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Ելիզարովի հետ NEWS.am-ի հարցազրույցի առաջին հարցը «Նաիրիտի» վարկային հայտի մասին էր: Այն պետք է ներկայացվի ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամ: Զարգացման եվրասիական բանկը կառավարում է Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցները: Վարկային հայտ ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է պատրաստել համապատասխան փաստաթղթային փաթեթ:
«Ներդրումային նախագիծը նախ պետք է ստանա Հակաճգնաժամային հիմնադրամի խորհդրի հավանությունը: Դրական որոշման դեպքում կառաջարկվի միջոցառումների ժամանակացույց, որի շրջանակում էլ կնախապատրաստվի եւ կներկայացվի համապատասխան փաստաթղթային փաթեթը: Պետք է սպասել Խորհդրի հերթական նիստին»,- նշեց Սերգեյ Ելիզարովը:
Համաշխարհային բանկի եւ Զարգացման եվրասիական բանկի համագործակցության հռչակագրում Հայաստանին վերաբերող կետերի մասին Սերգեյ Ելիզարովը նշեց. «Այդ փասատաթուղթը սահմանում է ՀԲ-ի եւ ԶԵԲ-ի համագործակցության ձեւերը, այդ թվում Հակաճգնաժամային հիմնադրամի հարցերը, նախագծերի համաֆինանսավորման հնարավորությունը, համագործակցությունը վերլուծական աշխատանքներում: Փաստաթուղթը կիրառելի է ԶԵԲ-ի բոլոր մասնակից պետությունների, այդ թվում Հայաստանի նկատմամբ: Ես հույս ունեմ, որ այդ հռչակագիրը կնպաստի Հայաստանում մեր համագործակցությանը Համաշխարհային բանկի հետ: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն տարբեր ոլորտներում: Տարածաշրջանային համագործակցության շրջանակում 2011թ. սեպտեմբերին կայացավ «Անդրկովկասի երկրների մակրոտնտեսական միտումները» համատեղ կլոր սեղանը: Առաջիկայում նախատեսված են այլ վերլուծական եւ ուսուցողական միջոցառումներ տարբեր ձեւաչափերում, այդ թվում Հայաստանի վերաբերյալ: Հայաստանում մենք չունենք համատեղ ներդրումային նախագծեր, որոնց վերաբերյալ ԶԵԲ-ը կարող էր քննարկել համաֆինանսավորում ՀԲ-ի հետ: Սակայն մենք չենք բացառում, որ ապագայում կունենանք այդպիսի նախագիծ: Նախնական բանակցություններ արդեն եղել են»:
Սերգեյ Ելիզարովը Հայաստանի մակրոտնտեսական վիճակը գնահատեց կայուն` վկայակոչելով հոկտեմբերի 5,7 տոկոս գնաճը, հունվար - սեպտեմբերին ՀՆԱ-ի 5 տոկոս աճը եւ սեպտեմբերի դրությամբ ՀՆԱ-ի նկատմամբ 40 տոկոս արտաքին պարտքը: Նա ուրախալի համարեց նաեւ արդյունաբերական արտադրության 16,6 տոկոս եւ գյուղատնտեսական արտադրության 21,3 տոկոս աճը 2011-ի երեք եռամսյակներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Սերգեյ Ելիզարովի կարծիքով, զարգացման հեռանկարային ոլորտներ կարող են լինեն հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, որոնք զգալիորեն կարող են բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Այդ ոլորտների զարգացմանը պետք է նպաստի ենթակառուցվածքների, տրանսպորտի զարգացումն ու երկրի ներդրումային կլիմայի բարելավումը:




























