Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը, որին դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության (Medicare) ոլորտում մեքենայության  գործով, դատարանին արդարացման մասին միջնորդություն է ներկայացրել: Միջնորդության մեջ Սարգիս Թադեւոսյանը պահանջում է չեղյալ հայտարարել դատարանի որոշումը` հիմնվելով իր դեմ հանցանշանների անբավարար լինելու վրա: Բացի այդ, ըստ մեղադրյալի, ապացույցները բավարար չափով չեն ուսումնասիրվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հիմնվելով Ռուսական իրավական եւ դատական տեղեկատվության գործակալության տրամադրության տակ հայտնված դատարանի փաստաթղթերի պատճենների վրա:

Նոյեմբերի 3-ին Թադեւոսյանին խարդախության մեջ մեղավոր էին ճանաչել, բայց նրա դատավճիռը դեռ չի կայացվել: Ամերիկայի օրենսդրությունը թույլ է տալիս լիակատար արդարացման միջնորդություն ներկայացնել, չնայած մեղադրական դատավճռին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, գործում մեղադրվում են Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը եւ Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը: Քննության տվյալններով, նրանք գրանցել են մի քանի ֆիկտիվ ընկերություններ, որոնք Medicare դաշնային ծրագրով նախատեսված բժշկական ապահովագրության մոտ 3 միլիոն դոլարի վճարումների ստացման հայտ են ներկայացրել:

Նահանգային ոստիկանության եւ ԱՄՆ Գաղտնի ծառայության հետաքննությունը սկսվել էր անցած տարվա ապրիլին: Երեք մեղադրյալները ձերբակալվեցին մայիսի սկզբին: Ավելի վաղ դատավորը մերժեց գրավի դիմաց նրանց բաց թողնելու խնդրանքը` կասկած հայտնելով, որ նրանք կլքեն ԱՄՆ-ն:

Նշենք, որ ԱՄՆ Մանհեթենի դաշնային դատարանում հունիսի 7-ին 47-ամյա հայազգի քրեական հեղինակություն, «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը գործարք է կնքել մեղադրող կողմի հետ։ Բժշկական ապահովագրության ոլորտում 160 մլն դոլարի հասնող խարդախության մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանին ցմահ բանտարկություն էր սպառնում։ Ըստ մեղադրող կողմի՝ Ղազարյանը խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի ղեկավարն է։

Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել տարբեր մանր հանցագործությունների մեղադրանքներում, եւ դաշնային դատարանի դատավոր Փոլ Գարդաֆեին ասել, թե ինքն իսկապես հանցավոր համաձայնության մեջ ներգրավված է եղել։ Այս խոստովանության համար, դատավորը խոստացել է մեղադրյալին դատապարտել «մինչեւ 37 ամիս» ազատազրկման, եթե Ղազարյանը չդիմի վճռի բեկանման։ Դատարանի նիստը տեւել է 20 րոպե, սակայն դատավորի փոխանցմամբ, Ղազարյանն իր մեղքը հստակորեն չի ճանաչել։ Այդ պատճառով պաշտպանող եւ մեղադրող կողմերին եւս մեկ շաբաթ ժամանակ է տրվել մեղադրանքի հստակեցման համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անցած տարի ԱՄՆ-ում բացահայտվել էր հայկական հանցավոր խմբավորում` «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Խմբավորումը բժշկական ապահովագրության ոլորտում 100 մլն դոլարից ավելի  մեքենայություններ էր արել: Անցած տարվա դեկտեմբերին Արմեն Ղազարյանին հրաժարվել էին գրավի դիմաց ազատ արձակել:

Ղազարյանը 350.000 դոլար արժողությամբ «Ռոլս-Ռոյս Ֆանտոմ» ավտոմեքենա է վարում, Քալիֆորնիայում  600.000 դոլար արժողությամբ տուն ունի: Նա նվազագույնը 1 մլն դոլար է տարվել Լաս Վեգասում եւ շատ է ճանապարհորդել, սակայն վստահեցնում է, որ ամսական 1500 դոլար եկամուտ է ստանում` օգտագործած ավտոմեքենաներ վաճառելով: