Լոնդոնի ոստիկանությունը վերադարձրել է Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Գերհարդ Բերգերից գրեթե երեք տասնամյակ առաջ գողացված Ferrari-ն: 1995 թվականի ապրիլին Իտալիայի Իմոլայում Սան Մարինոյի Գրան պրիի ժամանակ գողացված կարմիր Ferrari F512M ավտոմեքենան հայտնաբերվել է ամերիկացի գնորդի և բրիտանացի բրոքերի գործարքի ժամանակ, գրում է Backfire News-ը։
«Ferrari»-ից ծանուցում ստանալուց հետո, որը զննում էր վաճառվող մեքենան, գործում ներգրավվել է նաև Լոնդոնի ոստիկանության տրանսպորտային միջոցների ոլորտում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը։
Հետաքննությունը պարզել է, որ գողությունից անմիջապես հետո մեքենան տեղափոխվել է Ճապոնիա և մնացել այնտեղ մինչև 2023 թվականի վերջին այն Մեծ Բրիտանիա է բերվել: Ոստիկանության միջամտությունը կանխել է ավտոմեքենան դուրս բերելու փորձը՝ ապահովելով դրա բռնագրավումը։
Ferrari F512M-ը, որի արժեքը կազմում է մոտ 350,000 ֆունտ ստեռլինգ, ավելի քան 28 տարի թաքնված է եղել իշխանություններից: Մեքենան գտնելու գործողությունը տևել է ընդամենը չորս օր, սակայն պահանջել է միջազգային լայն համագործակցություն։





























