Արտասովոր և նորարական ցուցահանդեսի նպատակով Մադրիդից 100 մղոն հեռավորության վրա գտնվող անավարտ բազիլիկայում հավաքվել են իսպանական Վերածննդի դարաշրջանի անհայտ և վաղուց ցրված որոշ կրոնական գանձեր, գրում է The Observer-ը։

Թեև Ալբա դե Տորմեսն ունի հարուստ և բուռն պատմություն, սակայն այս փոքրիկ և գեղատեսիլ քաղաքը գեղարվեստական ցուցահանդեսների անցկացման սովորական վայր չէ․ դրանք  առավել հաճախ անցկացվում են Մադրիդում կամ Բարսելոնայում։

«Հիասքանչ գեղանկարչությունը Վալենսիայում» ցուցահանդեսը նպատակ ունի փոխել սա և  հավասարակշռել Իսպանիայի մշակութային աշխարհագրությունը: 

Ցուցահանդեսում ներկայացված են հայտնի նկարիչ Պաոլո դե Սան Լեոկադիոյի երեք աշխատանքները, ինչպես նաև Ֆերնանդո Լլանոսի և Ֆերնանդո Յանես դե լա Ալմեդինայի կտավները և երկու իսպանացի վարպետների նկարները, որոնք ենթադրաբար աշխատել են Լեոնարդո դա Վինչիի կողքին Ֆլորենցիայում և նկարել են տաճարի գլխավոր բեմի մի մասը։ 

«Մենք ցանկանում ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել իսպանական տոնի վրա,- ասել է ցուցահանդեսի համակարգող և վալենսիացի արվեստագետ Խոսե Գոմես Ֆրեչինան։- Մենք ցանկանում ենք փոխել երթուղիները, որպեսզի մարդիկ նման ստեղծագործությունները միայն Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլիայում կամ Վալենսիայում չտեսնեն»:

Գոմես Ֆրեչինան կարծում է, որ ցուցահանդեսի նմուշները, որոնց 90%-ը երբևէ չի ցուցադրվել, կգրավի այցելուներին և կօգնի նշելու այն առանցքային դերը, որը Վալենսիան ունեցել է իսպանական արվեստի պատմության մեջ: