Եվրամիությունը չորեքշաբթի սպառնացել է հաջորդ ամսից մինչև 38 տոկոս մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման վրա՝ սուբսիդիաների դեմ պայքարի հետաքննության պայմաններում, ինչը հղի է առևտրային պատերազմի վերածվելու, հաղորդում է ֆրանսպրես գործակալությունը:
Բրյուսելն անցյալ տարի հետաքննություն սկսելով՝ զայրացրել է Պեկինին՝ չինական ներմուծման կտրուկ էժանացումից հետո փորձելով պաշտպանել եվրոպացի արտադրողներին: Չինաստանի առևտրի նախարարությունը որոշումն անվանել է «բացահայտ հովանավորաչականության դրսևորում»:
ԵՄ-ի ներսում տարաձայնություններ կան նաև Չինաստանի հիմնական առևտրային գործընկեր Գերմանիայի հետ, որը պնդում է, թե մաքսատուրքերը կվնասեն գերմանական ընկերություններին:
ԵՄ-ում հայտարարել են, որ դա ներկայիս ներմուծման 10% մաքսատուրքին հավելում կլինի: Լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը դադարեցնելու համար Պեկինն ու Բրյուսելը պետք է լուծեն սուբսիդավորման խնդիրը։
«Հանձնաժողովը կանխավ եզրակացրել է, որ Չինաստանում մարտկոցներով էլեկտրական մեքենաների (BEV) արժեքային շղթան օգտվում է անարդար սուբսիդիաներից՝ ԵՄ Էլեկտրական ավտոմեքենա արտադրողներին տնտեսական վնաս պատճառելով», - ասված է հայտարարության մեջ:
Մաքսատուրքերը հուլիսի 4-ից կգործեն ժամանակավորապես, իսկ նոյեմբերից՝ վերջնականապես, եթե Եվրամիության անդամների գերակշիռ մասը՝ բնակչության առնվազն 65 տոկոսը ներկայացնող 15 երկրները դեմ չքվեարկեն այդ քայլին:
Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-ի որոշումը հղի է առևտրային լարվածության առաջացմամբ և սրումով: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը նախազգուշացրել է, որ Չինաստանը իր օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները։





























