ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եկաթուղային հաղորդակցությունը ռեկորդային կարճ ժամկետում վերականգնելու գործում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դժվար պահին Ռուսաստանը օգնության է եկել Հայաստանի ժողովրդին եւ ռեկորդային կարճ ժամկետում վերականգնել աղետից տուժած երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, երկիր կենսականորեն կարեւոր բեռների առաքման հիմնական ուղին է, եւ դրա երկարատեւ դադարը կարող էր լուրջ բացասական հետեւանքներ ունենալ բնակչությանը պարենով եւ վառելիքով ապահովելու համար»,- ասել է նա լրագրողներին։
Օվերչուկն ընդգծել է, որ «դա տեղի չունեցավ, որովհետեւ Ռուսաստանն օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին»։
Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները շուրջօրյա ռեժիմով աշխատել են հայ գործընկերների հետ երկաթուղու՝ տարերային աղետի պատճառով փլուզված տեղամասի վերականգնման ուղղությամբ։ Վթարա-վերականգնողական աշխատանքների ֆինանսավորումն իրականացրել է ՌԴ-ն՝ երկրի ղեկավարության որոշմամբ։
«Առաջին փորձնական գնացքը վերականգնված տեղամասով ճանապարհ է դուրս եկել հունիսի 14-ին՝ սպասվող ժամկետից մեկ շաբաթ առաջ։ Հայաստանի ժողովրդի համար կարեւոր երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ ապաշրջափակվել է»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։


























