Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջը, որը գտնվում է Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանի մոտ, կվերանորոգվի, իսկ երթևեկությունը ամբողջական ծավալով կվերականգնվի շաբաթվա ընթացքում, հաղորդել է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարության մամլո ծառայությունը։

Վրաստան տանող միջպետական ավտոմայրուղու 77-րդ կմ վրա գտնվող կամուրջը մասնակի քանդվել է հոսող ջրերի պատճառով։ Օրերս դեպքի վայր է այցելել Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ «Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի միջպետական սահմանը փակ լինի որքան հնարավոր է կարճ ժամանակ»,- հայտնել է նախարարը։

Նշենք, որ կամրջի մի մասը կառուցվել է 1950 թվականին, մյուս մասը՝ 1970 թվականին։ Ներկայումս երթևեկությունը կամրջով իրականացվում է միակողմանի, բացի այդ՝ կամրջով անցնել թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաներին։