Չորեքշաբթի ուժի մեջ է մտել Եվրամիության փողերի լվացման դեմ պայքարի նոր գործակալության ստեղծման կանոնակարգը, և արդեն կա առաջին թափուր տեղը՝ նախագահի պաշտոնը, հայտնել է Reuters-ը։

Թեկնածուները մինչև հուլիսի 8-ը պետք է դիմեն Ֆրանկֆուրտում բացված գործակալությունը ղեկավարելու համար, որը, ինչպես սպասվում է, կունենա մոտ 430 աշխատակից և հաջորդ տարվանից կսկսի գործունեություն ծավալել:

Այս տարվա սկզբին Եվրամիությունը փողերի լվացման դեմ պայքարի մարմնի (AMLA) նստավայր է նշանակել Ֆրանկֆուրտը: Նախկինում դաշինքը կեղտոտ փողերը վերահսկելու մեկ համաեվրոպական մարմին չուներ։

«Փողերի լվացումն ու ահաբեկչության ֆինանսավորումը լուրջ խնդիրներ են Եվրամիության համար: Դրանք լրջագույն սպառնալիք են ԵՄ տնտեսության և ֆինանսական համակարգի, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը մտադիր է ընտրել առնվազն երկու թեկնածուի կարճ ցուցակ, իսկ վերջնական ընտրությունը կկատարվի մինչև 2025 թվականի սկիզբը:

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները կողմ է արտահայտվել, որ փողերի լվացման դեմ պայքարի նոր գործակալությունը հիմնվի Ֆրանկֆուրտում, որտեղ արդեն տեղակայված են Եվրոպական կենտրոնական բանկը և ԵՄ ապահովագրական հսկողական մարմինը:

AMLA -ն  դեկտեմբերից փաստաբանների և փորձագետների այլ թափուր աշխատատեղերի համար մրցույթ կհայտարարի։ Լինդները սոցիալական մեդիայի X հարթակում հայտարարել է, որ չորեքշաբթի կարևոր քայլ է փողերի լվացման դեմ պայքարում։  Եվրոպայի խոշորագույն տնտեսություն ունեցող Գերմանիային քննադատում են փողերի լվացման դեմ պայքարելու նպատակով բավականաչափ ջանքեր չգործադրելու համար: