40,41, նորից 40... Օդի ջերմաստիճանի կանխատեսումը շոգից սարսափողիս ոչ մի լավ բան չի խոստանում, օրական մի քանի անգամ գուգլում եմ weather in India` հույսով, որ օդերեւութաբանները սխալվել էին ու փոխել են հունիսի 22–28–ին կանխատեսվող ջերմաստիճանը։ Բայց օդերեւութաբանները անդրդվելի են, ինձ մնում է տրամադրվել, որ 40 աստիճանը դիմանալու է, որ արժե մեկ շաբաթ հանդուրժել շոգը Հնդկաստան այցելելու այս եզակի հնարավորությունը բաց չթողնելու համար։
Նյու Դելիի օդանավակայանում ես արդեն մի քիչ խուճապի մեջ եմ ընկնում։ Շաբաթներ շարունակ ներսումս «փայփայած» ու ֆոբիայի վերածած շոգասարսափին գումարվում է մարդկանց ահռելի մեծ բազմությունը, ու ես մի տեսակ մոլորված եմ, մինչեւ այն պահը, երբ անձնագրային ստուգման համար անվերջանալի հերթի մյուս ծայրում՝ խցիկների հետեւից նկատում եմ մեզ ձեռքով անող կոստյումով ու փողկապով երիտասարդին...
Ռավին իմ առաջին ծանոթությունն է Հնդկաստանի հետ։ Պաշտոնական հանդերձանքի ներսում ջերմ, ուրախ, ինձ համար հասկանալի հումորով, կինոյում իմ ճաշակից ունեցող, խելացի երիտասարդ է, որը, ինչպես հետո պիտի պարզվեր, արագ կողմնորոշվելու եւ խնդիրները հեշտությամբ լուծելու զարմանալի հատկություն ունի։
Ռավիի ուղեկցությամբ ես ու իմ հայ գործընկերը՝ Մանվելը, արագ դուրս ենք գալիս օդանավակայանից ու... բարեւ շոգ, ես քեզանից այնքան վախենում էի։ Առավոտյան ժամը հինգին, երբ օրվա ամենազով ժամանակահատվածը պետք է լիներ, թվում է՝ շունչդ ուր որ է կկտրվի։ Խոնավ, տաք օդը, այնուամենայնիվ, գտնում է իր ճանապարհը շնչուղիներիս միջով, ես խոր շունչ եմ քաշում, հասկանում եմ, որ ողջ եմ, ու վերջ՝ բոլոր վախերն անցնում են։ Նստում ենք մեզ սպասող մեքենան, որում դրախտային զով է (փա՛ռք օդորակիչ ստեղծողին), եւ այստեղ ես իմ ճանապահորդությունը Հնդկաստան սկսում եմ զրոյից։ Առջեւում մշակութային ու քաղաքակրթական շոկն է, կարծրատիպերի անողոք ջարդը, պատմության ու ապագայի հնդկական զուգապարն ու իմ «ամենակծու» ուղեւորությունը...
«Նամաստե, մեմ»

Հյուրի հանդեպ խոր, մեծարանքի հասնող հարգանքը Հնդկաստանում սկսվում է ողջույնից. մի տեսակ իմաստուն խոնարհություն ու հանդուրժողականություն կա իրար միացվող ափերի ժեստի ու օգտակար լինելու պատրաստակամության ժպիտով արտաբերվող այս «նամաստեի» մեջ, ինչ–որ վարակիչ դրական լիցք, ու ինքդ էլ չես նկատում, թե ինչպես կարճ ժամանակ անց hello-ից անցնում ես «նամաստեի» ու ժպիտի։
Նյու Դելիի մեր հյուրանոցը հինգաստղանի է (Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, որի հրավերով են Եվրասիական երկրների լրագրողները ճանաչողական այցով Հնդկաստան մեկնել , ամեն ինչ արել է այցը ամենաբարձրակարգ մակարդակով կազմակերպելու համար), մտածում եմ՝ նման սիրալիրությունը երեւի հյուրանոցի աստղերի թվից է, հետո հասկանում եմ, որ դա ուղղակի ապրելակերպ է՝ դհարմա, որն այս մարդիկ անում են ինքնաբերաբար, թերեւս գենետիկորեն փոխանցված՝ կարմայի հանդեպ հավատից դրդված։ Ու կարեւոր չէ, թե անվերջության ձգտող տուկտուկներով ու մոպեդներով բզզացող այս խելահեղ երթեւեկությունում քանի հոգանոց ընտանիք է նստած փոքրիկ մոպեդի վրա (ես, ի դեպ, տեսել եմ նույնիսկ հինգին, ցավոք, չհասցրի նկարել), կարեւոր չէ՝ համեստ միջոցներով ընտանիքը պահող բազմազավակ մայր է, թե մեր հյուրանոցի դիմաց կայանող շքեղ մեքենայից իջնող ու թանկարժեք սարիով հիացնող պատկառելի տիկին. հակադրությունների երկիր Հնդկաստանի բոլոր բնակիչներին միավորում է նիրվանայի ձգտումը, ինչ–որ ներքին կոմֆորտ, որի մեջ նրանք կարծես փորձում են տեղավորել նաեւ քեզ՝ մշակութային շոկի վիճակում հայտնված ու մեկ շաբաթում Հնդկաստանը բացահայտելու փորձ անող զբոսաշրջիկիդ։

Կծու շոգ
Is this spicy? Սա ամենաշատ հնչող հարցն է, որ ես տալիս եմ Հնդկաստանում։ Ճաշին ու ընթրիքին կաթսաների պարունակության բազմազանությունից գլուխդ պտտվում է։ Լեռնային կլիմայում ձեւավորված հայկական խոհանոցի հստակ համերին սովոր իմ քիմքին, իհարկե, անծանոթ է մշակութային բազմազանության մեջ խմորված հնդկական խոհանոցի համեմունքների գունապնակը։ Դրանք հիմնականում ինձ դուր են գալիս, ցավոք, ես այդ ճաշատեսակների շատ քիչ մասն եմ փորձում, որովհետեւ դրանք բոլորը, մեղմ ասած, կծու են։ This is not spicy, ma'am, you can try it, սիրալիր ժպտում է աշխատակիցը։ Not spicy-ն Հնդկաստանում այն կծուն է, որի առաջին պատառից գլխապատառ չես վազում բերանիդ հրդեհը հանգցնելու, այն հայկական չափորոշիչներով, պարզապես «լավ կծուն» է։ Իսկ երբ կծուն քո դեմ միավորվում է 40 աստիճան շոգի ու Հնդկական Օվկիանոսից երկրի խորքը թափանցող խոնավության տաք ալիքի հետ, պարզապես հիշում ես, որ մեկ միլիարդ 400 միլիոն մարդ ապրում է եղանակային այդ պայմաններում, ու միեւնույնն է, քեզ սիրալիր ժպտում է։ Քեզ մնում է միայն մտածել, որ դու չափից դուրս շատ ես կենտրոնանում անկարեւոր բաների վրա, թուլանալ ու տրվել համընդհանուր՝ 1 միլիարդ 400 միլիոնանոց նիրվանայի ձգտման ալիքին։
Սուբրահմանյամ Ջայշանկար

Ծրագիրը խիտ է. կազմակերպիչները փորձել են այնպես անել, որ 7–օրյա ուղեւորությունը առավելագույնս օգտակար լինի հյուրերի համար։ Մեզ համար բարձր մակարդակի հանդիպումներ են կազմակերպում, առանցքայինը արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ է։ Գլոբալ հարավի առաջնորդ երկրի դիրքերը ամրապնդող, համաշխարհային տնտեսության մեջ իր մասնաբաժինն ու ազդեցությունը տարեցտարի մեծացնող եւ Հայաստանի համար անվտանգային ու հաղորդակցային այլընտրանքներ առաջարկող երկրի գլխավոր դիվանագետին հարցեր ուղղելու բացառիկ հնարավորությունը շոյում է լրագրողական էգոս։ Այո, Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանից Եվրոպա և Ռուսաստան տանող ճանապարհին, հարցիս պատասխանում է արտգործնախարարը։
Թաջ Մահալ
Մշակութային ծանոթությունը Բհարատի հետ բազմապատկում է տպավորությունների ուժգնությունը։ Այցելություն թանգարաններ, Հումայունի դամբարան, որը Հնդկաստանում երեք դար (16-19–րդ դարեր) իշխած Մեծ մողոլների դինաստիայի տոհմական առաջին դամբարանն է, եւ, իհարկե, մողոլական շրջանի ճարտարապետության մարգարիտը համարվող Թաջ Մահալ՝ Շահ Ջահանի կորսված սիրո տառապանքից ծնված ճերմակափայլ գեղեցկուհին։ Ծառերի ստվերում կանգնած՝ լսում եմ մեր գիդին, ու պատկերացնում, թե ինչպես են հարյուրավոր փղեր կիսաթափանցիկ սպիտակ մարմարը Ռաջաստանից տեղափոխել Ագրա։ Շոգի մասին չեմ էլ մտածում, թեեւ Ագրայի արեւի տակ այն անհավանական է, ես մեխանիկորեն խմում եմ ջուրը, մաքրում շոգեբաղնիքի էֆեկտից անվերջ խոնավացող ճակատս ու մտովի տեղափոխվում 17–րդ դար։ Թաջ Մահալը պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետական տարրերի միաձուլում է, ոգեւորությամբ պատմում է գիդը։ Ես սովորաբար ճանապարհորդելիս լուսանկարվել չեմ սիրում, բայց Թաջ Մահալն անդիմադրելի է։

Խաղաղ զարգացում
Հայդարաբադը մե՞ծ քաղաք է, որքա՞ն է բնակչությունը՝ ճանապարհին հարցնում եմ մեր հնդիկ ուղեկցողներից մեկին: Վերջին տվյալով՝ մոտ տասը միլիոն։ Ես ժպտում եմ՝ երեք անգամ ավելի, քան Հայաստանի ամբողջ բնակչությունը։ Մեր հաջորդ ուղղությունը Հայդարաբադն է։ Հիշողությունս Հայդարաբադը ասոցացնում է Մարգարիտների քաղաքի հետ։ Ժամանակին այն լավագույն բնական մարգարիտների, ադամանդների առեւտրի համաշխարհային կենտրոնն էր համարվում։ Հիմա էլ քաղաքում ամեն երկրորդ խանութի ճակատին հպարտ ցուցանակներ են՝ «Հայդարաբադի մարգարիտներ»։ Որոշում եմ խիտ գրաֆիկի լուսանցքներում ժամանակ գտնել ու ինքս ինձ մարգարիտների մի սիրուն շարք նվիրել։ Արդեն Հայդարաբադում «Մարգարիտների քաղաք» տիտղոսին ավելանում է եւս մեկը՝ «Ժամանակակից տեխնոլոգիաների քաղաք»։

Հայդարաբադը հնդկական հակադրությունների խառնարան է. բազմադարյա ամրոցների, հինդուական ու մահմեդական տաճարների կողքին վեր են խոյանում ժամանակակից ճարտարապետությամբ երկնաքերերը քաղաքի՝ տասնյակից ավելի ՏՏ պարկերում, որոնց ճակատամասերին ինձ ծանոթ համաշխարհային բոլոր տեխնոլոգիական հսկաների լոգոներն են։ Նրանց կողքին արագ աճում են ստարտափերը, որոնց համար անհրաժեշտ էկոհամակարգը ձեւավորել եւ սնում է կառավարությունը՝ տաղանդավոր երիտասարդների համար ապահովելով նպաստավոր միջավայր եւ ահռելի ներդրումներ ամբողջ աշխարհից։ Դեղագործականից մինչեւ տիեզերական ինդուստրիա՝ քաղաքում գործող հարյուրավոր ինովացիոն ընկերություններն այսօր Հայդարաբադը դարձնում են ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային նշանակության տեխնոլոգիական կենտրոն։
Հայդարաբադի գրավչությունը համաշխարհային ներդրողների համար այլ պատճառներ էլ ունի։ Այստեղ 200–ից ավելի ինժեներական քոլեջներ կան, որոնք ոլորտի բարձրակարգ մասնագետներ են պատրաստում։ Բնակիչների մեծ մասը խոսում է անգլերեն։ Ընդհանրապես, ինձ մոտ տպավորություն էր, որ Հնդկաստանում բոլորն են խոսում անգլերեն, շատերը՝ լավ անգլերեն։ Գոնե ես շփման խնդիր չեմ ունեցել՝ ոչ մասնագիտական զրույցներում, ոչ էլ ինձ համար Հայդարաբադի մարգարիտներ փնտրելիս։
Ես դեռ կվերադառնամ
Ուղեւորվում ենք Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայան երկու կողմից կանաչապատ, խնամված ճանապարհով։ Արդեն սկսում եմ ի մի բերել տպավորություններս։ Դրանք դեռ երկար պիտի պատմեմ Հայաստան վերադառնալուց հետո։ Այս պահին փորձում եմ տեղավորել մի նախադասության մեջ։ Ստացվում է հարցական նախադասություն. ինչպե՞ս է հնարավոր մի կողմից այդքան արագ զարգանալ, մյուս կողմից այդպես խնամքով պահպանել հազարամյակների ավանդույթները։ Մտածում եմ՝ լավ է, որ հարցականով ստացվեց։ Մեկ շաբաթը շատ քիչ ժամանակ էր Հնդկաստանի առեղծվածը բացահայտելու համար։ Հնդկաստանն ավելանում է այն երկրների շարքին, որտեղ ես դեռ կվերադառնամ։

Նարինե Հովհաննիսյան




























