Գերմանիայի 205թ. դաշնային բյուջեի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել կառավարող կուսակցությունների միջեւ մի քանի ամսվա բանակցություններից հետո, տեղեկացրել են dpa տեղեկատվական գործակալությունը եւ Der Spiegel ամսագիրը հուլիսի 5-ի առավոտյան։

Համաձայնագրի ձեռքբերմանը նախորդել են բազմաթիվ խորհրդակցություններ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի միջեւ, տեղեկացրել է DW-ն։

Նշվել է, որ դաշնային բյուջե 2025-ում կպահպանվի այսպես կոչված «պարտքային արգելակը»՝ պետական պարտքի սահմանափակման սկզբունքը՝ ամրագրված Գերմանիայի Հիմնական օրենքում։ Հետեւաբար, Գերմանիայում արտակարգ դրություն չեն մտցնի։

Գերմանիայի տնտեսության աճը խթանող միջոցների փաթեթը կարող է հաջորդ տարի ապահովել ՀՆԱ աճի ավելացումը ավելի քան 0,5 տոկոսով, ինչը համապատասխանում է 26 մլրդ եվրոյին, տեղեկացրել է dpa-ն՝ հղում կատարելով կոալիցիոն շրջանակների անունը չնշած աղբյուրներին։

Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների ռեսուրսների խնայման պլանները, հաշվի առնելով Գերմանիայի միջազգային պարտավորությունները, պատրաստ չէին ընդունել մյուս նախարարությունները։ Շատ տարաձայնություններ կային նաեւ սոցիալական ծախսերի շուրջ։ Անհրաժեշտ էր լուծել հարցն այն մասին, թե ինչպես փակել 10 մլրդ եվրոյի «ճեղքը», որը գոյացել է հարկային մուտքերի անբավարարության պատճառով։