Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է այն գործոնները, որոնք որոշում են երեխաների հակումը ստի հանդեպ։ Հետազոտությունը հրապարակվել է Economic Journal (EJ) գիտական ամսագրում։
Թիմը պարզ փորձ է անցկացրել. Երեխաների խմբին խնդրել են մտքում մեկից մինչև վեցը թիվ պահել, այնուհետև զառ նետել: Եթե կանխատեսումն ու արդյունքը համընկնում էին, ապա երեխային չնչին գումար էին տալիս։ Թեստերի ժամանակ ոչ ոք չէր հետևում մասնակիցներին, ուստի երեխաները կարող էին վստահ լինել, որ իրենց սուտը չի բացահայտվի։
Հետազոտողներն այնուհետև վերլուծել են արդյունքները վիճակագրական մեթոդներով:
«Եթե բոլորը ճիշտ են ասում, ապա մասնակիցների մոտ մեկ վեցերորդը կամ մոտ 16,7%-ը ճշգրիտ կանխատեսում է արել։ Սակայն իրականում 60%-ից ավելին ասել էր, որ կանխատեսումն ու զառի արդյունքը համընկնում են։ Սա իր հերթին նշանակում է, որ երեխաների զգալի մասը ստել է», - պարզաբանել է հոդվածի համահեղինակ, Օքսֆորդի համալսարանի գիտնական Յոհաննես Աբելերը:
Ստելուն պատրաստ լինելու տարբերություններն ակնհայտ են դարձել, երբ գիտնականները ուսումնասիրել են երեխաների սոցիալական ծագումը:
Պարզվել է, որ ավելի ապահովված ընտանիքների երեխաներն ավելի մեծ ազնվություն են ցուցաբերել՝ համեմատած նրանց, ում ծնողները հարուստ չեն եղել: Բացի այդ, ազնվությունը կախված է եղել դաստիարակության ջերմությունից ու ընտանեկան միջավայրում վստահության աստիճանից։
Գիտնականների կարծիքով, իրենց բացահայտումը վկայում է ազնիվ լինելու սովորությունը երեխայի մեջ վաղ տարիքում սերմանելու հնարավորության մասին։





























