Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով իշխանության ներկայացուցիչների՝ օրերս Կիրանց կատարած այցի մասին:
«Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։ Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի»,-հավելեց նա։
Բագրատ Սրբազանի խոսքով, իշխանության ներկայացուցիչները Կիրանցում բնակիչներին չեն հանդիպել, որևէ մեկին չեն տեսել:
«Մարդկային ողբերգության վրա կառուցել են թշնամու թելադրանքից, պարտադրանքից բխած իրենց այսպես կոչված, սահմանը: Բոլոր իմաստներով՝ թե՛ մարդկային, թե՛ բարոյական, թե իրավական, սա հանցագործություն է, և պարզ է, թե ովքեր են դրանով հպարտացողները: Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչն էլ կհանձնեն ու հպարտ կլինեն»,-ասաց նա:





























