Մեր պնդումներն անիմաստ են, որովհետեւ դատավորն է արդեն հանձն առել Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում՝ ուղղակի նոր ամսաթվով և նոր ստորագրությամբ: Քաղաքական հետապնդում լինել-չլինելու մասին վկայում է փաստակազմը: Առաջինը չկա այս գործում տուժող, ընդ որում նյութական հանցակազմով, որը պարտադիր պետք է լինի: Դատախազները առանձնապես ջանքեր չեն գործադրում հիմնավորելու, որ այստեղ հանցանք կա: Իրենց համար ամենակարեւորը, որ Արմեն Աշոտյանն ընկել է մեր ձեռքը եւ շարունակում ենք քաղաքական հետապնդումների իրականացումը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ Արմեն Աշոտյանի գործը քննող Վահե Դոլմազյանի նկատմամբ ԱՆ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել, Աննա Մկրտչյանն ասաց. «Ասել, որ Աննա Դանիբեկյանի կամ Վահե Դոլմազյանի նկատմամբ ՔՊ-ական կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ում իրականացվողն արդարադատություն է, սխալ է: Դա փոխադարձություն է՝ օգտագործվելու եւ շպրտվելու Նիկոլի բացառիկ բանաձեւը: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը կարող է օգտագործվել եւ չշպրտվել, դա այդպես չի լինելու»:





























