Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Դերսիմի ջարդերի համար ներողություն խնդրելու մասին հայտարարությունները կտրուկ եւ ակնհայտ հակասում են այն հանգամանքին, որ 1915թ. դեպքերի համար ներողություն խնդրելու հնարավորությունը նա վիրավորական է համարում: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Դերսիմի ջարդերի համար Թուրքիայի վարչապետի ներողություն խնդրելուց մի քանի օր անց Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը հայկական սփյուռքի նման է մտածում: Հայտարարությունը Էրդողանը խիստ վիրավորական էր համարել. «Ինչպե՞ս եք համարձակվում ինձ հայկական սփյուռքի հետ միեւնույն հարթությունում դնել»:

Դերսիմում (այժմյան Թունջելի նահանգ)  հիմնականում քրդեր եւ ալեւիական հավատի զազեր են բնակվում: Դերսիմում բնակվում էին նաեւ ինչպես 1915թ. ցեղասպանությունից, այնպես էլ 1895-96թթ. համիդյան ջարդերից  փրկված հայեր. «Աթաթուրքի կառավարության նպատակը շրջանի ասիմիլյացիան էր, այդ մասին հիշատակվում է գործողությունների ընթացքում տրված կարգադրություններում:  Գործողությունները, թուրք պատմագրության համաձայն, պատժիչ բնույթի են եղել եւ ուղղված են եղել քրդերի ապստամբության ճնշմանը: Այնուամենայնիվ, անկարգությունները հրահրել էր թուրքական կողմը, որպեսզի պաշտոնապես առիթ ունենար զինված միջամտության եւ քրդական հարցի լուծման համար», – ասել է Մելքոնյանը:

Ներկայումս, հավելել է նա, Դերսիմի դեպքերի համար Էրդողանի ներողությունը հազիվ թե ինչ-որ էական իրավական հետեւանքներ ունենա: «Հնարավոր է, փրկված եւ տեղահանված քաղաքացիները գույքի մասնակի փոխհատուցում ստանան, ցուցադրական դատական գործընթացներ անցկացվեն, բայց ոչ ավելին», – եզրափակել է Մելքոնյանը: