Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ փողոցի բնակիչները հակադարձում են վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանի պնդմանը, թե ոռոգման խողովակներն ապօրինի են, այդ պատճառով ոչինչ  հնարավոր չէ անել խողովակների խցանումը բացելու համար, նախքան նրանք ստանդարտներին համապատասխանեցնելը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին հանձնելը:  NEWS.am-ի հետ զրույցում թաղամասի բնակիչ Գրիգոր Թովմասյանն ասում է՝ ամբողջ թաղամասի ջրագծերը 50 տարի առաջ են կառուցվել և ըստ էության, չէր կարող հենց իրենց փողոցի ջրագիծը ապօրինի լինել: 

«Այս ջրագծերն արդեն 45-50 տարի է՝ կան, ամբողջ թաղամասի ջրագիծը կոմունիստների ժամանակ է դեռևս կառուցվել: Ո՛չ այդ ժամանակ, ո՛չ հիմա ոչ մեկ թույլ չէր տա, որ բնակիչը ասֆալտը քադնի, իր համար ջրագիծ սարքի: Դա ուղղակի անհնար է»,-ասում է թաղամասի 65-ամյա բանկիչը:

 Գրիգոր Թովմասյանի խոսքով, թաղամասի բանկիչները դեռևս 20 օր առաջ դիմել են քաղաքապետարան, սակայն մինչև հիմա պատասխան չեն ստացել: Ասում է՝ ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին: «Այդքան հարկ ենք վճարում, չե՞ն կարողանում մի փոքր գումար հատկացնել, խողովակների խցանումը բացել: Նախորդ տարի էլ էր խցանվել, ընդամենը երկու ժամ պահանջվեց խնդիրը լուծելու համար, բայց այս տարի ոչինչ չեն անում: Մենք էլ չենք կարող թողնել, որ այգիները չորանան, ստիպված խմելու ջրով ենք ջրում»,-ասում է Գևորգ Թովմասյանը:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ փողոցի բնակիչներն ահազանգում են՝ ամռան սկզբից մինչև հիմա ոռոգման ջուր չունեն, մի քանի անգամ դիմել են թաղամասի վարչական ղեկավարությանը, սակայն ապարդյուն: Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը NEWS.am-ին հայտնել Էր, որ խնդրին ծանոթ է, սակայն այս տարի ոչինչ անել չի կարող, քանի որ ծախսը բյուջեով նախատեսված չէ: «Նախկինում ոռոգման ապօրինի ջրագծեր են տարվել, որոնք չեն սպասարկվում ո՛չ Կանաչապատմում ՀՈԱԿ-ի, ո՛չ էլ Ջրային կոմիտեի կողմից:

«Ժամանակին եղել է ոչ պետական միջնորդ կազմակերպություն, որը Ջրային կոմիտեից գնել է ջուրը ու վերավաճառել բնակիչներին: Հիմա այդ կազմակերպությունը չի գործում, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ն էլ այդ ջրագիծը չի ընդունում, ասում է՝ ստանդարտներին չհամապատասխանող ջրագիծ է: Հիմա պետք է այդ խողովակները համապատասխանեցնենք ստանդարտներին ու հանձնենք ՀՈԱԿ-ին: Ուղղակի այս տարի հասցրել ենք անել այն, ինչի համար գումար ունեցել ենք, մնացածը պետք է հաջորդ տարի անենք»,-ասել էր Միքայել Օհանյանը: Նորքի այգիներ փողոցի բնակիչները սակայն, վարչական ղեկավարի խոսքերն անհիմն են համարում և պնդում, որ ջրագծերն օրենքի սահմաններում են կառուցվել, իրենք էլ մինչև նախորդ տարի վճարել են սպասարկման համար: