Այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ  ընկերությանը պատկանող Կապանի  բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ընկերությունից:

«Ընկերության ղեկավարությունը ցավակցում է մահացածի ընտանիքին և  հարազատներին։ Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ։

Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը՝ ըստ համաշխարհային վիճակագրության տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին, և  պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։

Ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից էլ հայտնել են, որ ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» Բ/Կ է տեղափոխվել 1969թ.ծնված տղամարդ, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կապանի Գործարանային 6 հասցեում գտնվող բազայում ամբարձիչով բեռ բարձրացնելիս ամբարձիչը կողաշրջվել է, ինչի հետևանքով տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: