Արդշինբանկն այս տարի ևս արժանացավ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին բրիտանական Euromoney ամսագրի վարկածով: Բանկը հերթական անգամ լավագույնն է ճանաչվում հաճախորդներին մատուցվող որակյալ, բազմաբնույթ և ճկուն ֆինանսական ծառայությունների, սպասարկման բարձր որակի, ինչպես նաև աշխատանքում նորարարությունների շարունակական ներդրման շնորհիվ։ Այդ մասին առաջին հերթին վկայում են բանկի ֆինանսական գերազանց ցուցանիշները:

«2-րդ տարին անընդմեջ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին արժանանալը պարտավորեցնող է և միաժամանակ ոգեշնչող: Մեզ համար կարևոր է արձանագրել, որ բանկը կարողացել է արժանանալ իր հաճախորդների և միջազգային գործընկերների վստահությանը, ինչը ցանկացած ֆինանսական ինստիտուտի հիմքն է և զարգացման շարժիչ ուժը: Մենք գնահատում ենք մեր գործընկերների և հաճախորդների նվիրվածությունը, հետևապես շարունակելու ենք մատուցել որակյալ և հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայություններ՝ նրանց ֆինանսական առօրյան ավելի հարմարավետ դարձնելու համար»,- նշեց իր խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Հիշեցնենք, որ 2023թ.-ի արդյունքներով Euromoney ամսագիրը երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչեց լավագույնը Հայաստանում՝ միաժամանակ շնորհելով  «Լավագույն կորպորատիվ բանկ»  և «Լավագույն ESG (սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարում ունեցող) բանկ» մրցանակները: