Առաջարկում եմ սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին: Տոնը նպատակ ունի արժանին մատուցելու այն հայրերին, որոնք իրենց ներդրումն են ունենում երեխաների կայացման և զարգացման գործում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

«Բացի այդ, սա կարևոր է նրանով, որ  ներգրավված հայրությունը շեշտելու, ավելի կարևորելու խնդիր ունենք:

Խոսքը նաև երեխայի խնամքի, ընտանիքի կայացմանը նպաստելու մասին է: Ուզում ենք նաև իրավական խթան ունենալ, որովհետև գիտնականներն ապացուցել են, որ եթե հայրերը ներգրավված են, ապա երեխաներն ավելի քիչ խնդիրներ են ունենում, ավելի կայացած են լինում, հայրերն էլ իրենց հերթին ավելի զերծ են լինում վնասակար երևույթներից, ավելի երկար են ապրում»,-ավելացրել է Բաթոյանը:

Նա, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ ներկայումս Հայրերի օրն ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել օրվա ընտրության հարցը քննարկել:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ օրվա ընտրության վերաբերյալ կարելի է խորհուրդ հարցնել ազգագրագետներին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի նիստում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: