Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարեց՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

ԲԴԽ անդամներից Կարեն Թումանյանը դեմ քվեարկեց՝ ներկայացնելով հատուկ կարծիք։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ էև հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Վարույթի հարուցման պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Լեբեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատավորը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին, թեև ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետն անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որ նիստն ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախուստի դիմել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։

Արտուշ Գաբրիելյանը համաձայն չէր, որ ինքը շաբաթ-կիրակի օրերին աշխատանքի ներկայանալու պարտավորություն ուներ: