Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 16-ին տուգանեց կաթնամթերք արտադրող 3 ընկերությունների` անբարեխիղճ մրցակցության համար: Դրանք են`«Աշտարակ կաթը» (տուգանվեց 50 մլն դրամով), «Դուստր Մարիաննան» (տուգանվեց 20 մլն դրամով) եւ «Անի կաթը» (տուգանվեց 5 մլն դրամով): Ըստ ՏՄՊՊՀ հաղորդագրության` «Աշտարակ կաթ» եւ «Դուստր Մարիաննա» ընկերությունները զբաղեցնում են շուկայի մոտ 80 %-ը, եւ  Հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող: Սակայն նշենք, որ «Անի կաթը» նույնպես խոշոր արտադրող է, ըստ որոշ տեղեկությունների` այս ընկերությունում շահեր ունի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ՏՄՊՊՀ-ն տեղեկություն է ստացել Հայաստանի խոշորագույն կաթնամթերք արտադրող ընկերությունների կողմից մեծ քանակությամբ կոկոսի յուղի ներմուծման վերաբերյալ: Փաստը հաստատվել է նաեւ մաքսային մարմինների կողմից: ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված փորձաքննության արդյունքները ոչ միայն հաստատել են կաթնամթերքում կոկոսի յուղի առկայությունը, այլեւ ի հայտ են եկել այլ խախտումներ եւս:

Նշենք, որ հիմնականում ստուգվել են թթվասերը, կաթնաշոռը, պաստերիզացված կաթը եւ մածունը: Օրենսդրությունն արգելում է կաթնամթերքի մեջ բուսական յուղեր օգտագործել, քանի որ կաթնամթերքը կենդանական ծագման արտադրանք է: Կոկոսի յուղի փոխարեն պետք է օգտագործել կարագ, ինչպես անում են մյուս ընկերությունները: Կոկոսի յուղը ոչ միայն 2 անգամ էժան է կարագից, այլեւ կարող է առողջության համար վտանգավոր հետեւանքներ ունենալ, քանի որ արդյունաբերական մշակման ընթացքում թանձրացվում է (այդ թանձր նյութը նստում է անոթների պատերին եւ խանգարում արյան շրջանառությանը):

Ի դեպ` «Դուստր Մարիաննայի» եւ «Անի կաթի» ներկաացուցիչները կտրականապես հերքեցին, թե կոկոսի յուղ են օգտագործում: «Աշտարակ կաթի» իրավաբանը հայտարարեց, որ պաշտոնապես կարձագանքեն հանձնաժողովի որոշմանը միայն դրա վերջնական տեսքին ծանոթանալուց հետո:

«Անի կաթի» արտադրության պետ Տիգրան Շալջյանը հայտարարեց, թե փորձաքննությունը սխալ մեթոդիկայով է կատարվել, կիրառվել են ոչ այն ստանդարտները, որ պետք է կիրառվեին: Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ էլ նշեց, որ ներմուծված բուսական յուղերը վաճառել են երրորդ անձանց, կամ օգտագործել են սփրեդի արտադրության մեջ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն առաջարկեց ներկայացնել սեփական լաբորատորիայի փորձաքննության արդյունքները, ինչը սակայն չարվեց: Ա. Շաբոյանը նշեց նաեւ, որ ընկերությունները բավարար ժամանակ են ունեցել իրենց առարկությունները ներկայացնելու համար, ինչը չեն արել: Ի դեպ` սույն ընկերության իրավաբանը նաեւ մի շարք այլ ընթացակարգային առարկություններ ներկայացրեց, սակայն պարզվեց, որ պարզապես վատ է հասկացել օրենքները:

ՏՄՊՊՀ-ի մյուս մեղադրանքը վերաբերում էր ապրանքի յուղայնությանը: Այսինքն`կաթնամթերքի փաթեթավորման վրա գրվում է յուղայնության մի մակարդակ, որն իրականում այդպես չէ: Բացի այդ` յուղայնությունն ապահովվում է կոկոսի յուղի միջոցով: Կամ` օգտագործվում է կաթի փոշի, որը թեեւ օրենքով չի արգելվում, սակայն փաստացի չի մակնշվում:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյաի` սույն ընկերությունները մի կողմից խաբում են սպառողներին` սխալ մակնշման միջոցով, մյուս կողմից` իրենց մյուս մրցակից ընկերությունների նկատմամբ ստանում են առավելություններ: Այսինքն` հնարավորություն ունեն ավելի ցածր ինքնարժեքով արտադրանք թողարկել: Պատահական չէ, որ հենց այս ընկերություններն են գերիշխում շուկայում:

ՏՄՊՊՀ-ն որոշեց կիրառել նման իրավախախտումների համար սահմանված առավելագույն պատիժը` նախորդ տարվա հասույթի 1 %-ի չափով: